Ինչպե՞ս կարող է շենքը միայն 6 մետրով լինի հուշարձան, մնացածով՝ չհուշարձան․ բողոքի ակցիա (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀանրապետության 46 հասցեի պատմական հուշարձան-շենքը ցանկապատվեց՝ հետագայում դրա մի մասը քանդելու ու նոր շինություն կառուցելու նպատակով։ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի նախաձեռնությամբ՝ տարածքում մեկ տասնյակից ավելի քաղաքացի էր հավաքվել, որոնք են դեմ շինությունը քանդմանը։
«Օրեր առաջ աղմուկ տարածվեց, որ թույլտվություն է տրվել շենքը քանդելու, ինչի հետ կապված քաղաքացիներս նորից հավաքվեցինք եւ այսօր շենքի մոտ ենք պարզելու, թե ինչ է նախատեսվում այստեղ», - ասաց ակտիվիստ Սեդա Գրիգորյանը։
Նրան համոզիչ չեն թվում կապալառու ընկերության ներկայացուցչի հայտարարությունները։
«Ընդունենք՝ սեփականատերը ես եմ, կարող ենք մտածել՝ ինչ ուզենք, կարող ենք անել, բայց այդպես չի, սա մնում է պատմամշակութային հուշարձան, ցանկացած մի բան վնասելուց ով վնասի, ինքը քրեական պատասխանատվության է ենթարկվելու», - ասաց «Կաէռ Մայնինգ» ՍՊԸ ներկայացուցիչ Արման Մկրտչյանը։
Ըստ Արման Մկրտչյանի՝ քանդվելու է միայն շենքի հետնամասը, որը չի համարվում պատմամշակութային հուշարձանի մաս և ավելի ուշ է կառուցվել։
«Երբեւէ չենք հանդիպել ձեւակերպման, որ շենքի միայն ֆասադային հատվածը կամ 6 մետրը լինի հուշարձան, մեր մեջ կան ճարտարապետներ, որ դա հաստատեցին։ Ինչպե՞ս կարող է շենքը միայն 6 մետրով լինի հուշարձան, մնացածով՝ չհուշարձան», - ասաց Սեդա Գրիգորյանը։
Իսկ քաղաքացիներն ասում են՝ ամեն ինչ անելու են, որ հանկարծ չոչնչացվի Երեւանի պատմության հերթական կտորը։