Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+hff
A A
Սպորտ

Հայաստանի Պրեմիեր Լիգայի գալիք առաջնությանը կմասնակցի 10 թիմ

Այսօր կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի հերթական նիստը:

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, Գործադիր կոմիտեի անդամները միաձայն կողմ են քվեարկել ԲԿՄԱ-ի հաջորդ մրցաշրջանում VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես գալուն: 

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը նախապես չէր տեղեկացրել ՀՖՖ-ին VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում հանդես չգալու որոշման մասին. ինչի պատճառով խնդիր է ծագել կապված մրցումների 2021-2022 մրցաշրջանի կանոնակարգի հետ, որը մշակվել և կազմվել էր 10 թիմերի համար: Կարևորելով հենց 10 թիմով մրցաշար անցկացնելու հանգամանքը՝ ՀՖՖ Գործադիր կոմիտեին առաջարկվեց հավանություն տալ «Նորավանք» ՖԱ-ի VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2021-2022 մրցաշրջանում հանդես գալուն: Գործկոմի անդամները միաձայն կողմ քվեարկեցին:

Այդպիսով, VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 2021/2022 մրցաշրջանին կմասնակցի 10 թիմ՝ «Ալաշկերտ», «Նոա», «Ուրարտու», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Վան» «Փյունիկ» «Սևան», ԲԿՄԱ, «Նորավանք»: Մրցաշարը կանցկացվի 4 շրջանով:

Այնուհետև քննարկումներ ծավալվեցին Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից թիմերի վերաբերյալ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԲԿՄԱ-ն այսուհետ հանդես է գալու VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայում, ինչպես նաև 2002-2003 թթ. ծնված, զորակոչային տարիքի ֆուտբոլիստների համար խաղային պրակտիկա ապահովելու համար ՀՖՖ-ն որոշել է ստեղծել նաև ԲԿՄԱ-2 թիմ, որը հանդես կգա Առաջին խմբում: Այս թիմի կորիզը կկազմեն Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի ֆուտբոլիստները: Թիմը կարող են համալրել նաև Հայաստանի մինչև 18 տարեկանների հավաքականում հանդես եկող, 2004 թվականին ծնված լավագույն ֆուտբոլիստները:

Չնայած Գյումրիի «Շիրակը» ուշացումով էր ՀՖՖ ներկայացրել Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակցության հավաստագիրը, ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշեց ընդառաջել «Շիրակ» ՖԱ-ին և թույլ տալ մասնակցել Առաջին խմբի առաջնությանը՝ կարևորելով Հայաստանի առաջնություններում Գյումրին ներկայացնող թիմի առկայությունը:

Այդպիսով, Հայաստանի Առաջին խմբի առաջնության 2021/2022 մրցաշրջանին կմասնակցեն 7 թիմ՝ «Լեռնային Արցախ», «Շիրակ», ԲԿՄԱ-2, «Արարատ-Արմենիա-2», «Ուրարտու-2», «Փյունիկ ակադեմիա», «Ալաշկերտ-2»: Մրցաշարը կանցկացվի 5 շրջանով:

Այնուհետև հաստատվեց VBET Հայաստանի Գավաթի խաղարկության մասնակից թիմերի քանակը և ձևաչափը: Մրցաշարին կմասնակցեն 12 թիմեր: «Արարատ-Արմենիան», «Վանը» «Փյունիկը» «Սևանը», ԲԿՄԱ-ն, «Նորավանքը», «Լեռնային Արցախը» և «Շիրակը» պայքարը կսկսեն 1/8 եզրափակչից: Քառորդ եզրափակիչ դուրս եկած 4 թիմերին կմիանան VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում առաջին 4 տեղերը զբաղեցրած թիմերը՝ «Ալաշկերտը», «Նոան», «Ուրարտուն», «Արարատը»:

ՀՖՖ Գործկոմի անդամները միաձայն կողմ քվեարկեցին ՀՖՖ Ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության, ՀՖՖ Ապահովության և անվտանգության, ՀՖՖ Ենթակառուցվածքային և ՀՖՖ Պրոֆեսիոնալ ֆուտբոլի մրցումների անցկացման կանոնակարգերի հաստատմանը: Բոլոր կանոնակարգերն առաջիկայում կհրապարակվեն ՀՖՖ պաշտոնական կայքում:

Այնուհետև քննարկվեց Արմավիրի մարզադպրոցի վերաբերյալ «Սարդարապատ» ՖԱ-ի առաջարկը: Որոշում կայացվեց կազմել պայմանագիր, համաձայն որի մարզադպրոցը 5 տարով վարձակալության կհանձնվի «Սարդարապատ» ՖԱ-ին: Ծրագրում ներկայացված ներդրումները ժամանակին կատարելու դեպքում վարձակալության պայմանագիրը կերկարաձգվի ևս 10 տարով, իսկ ներդրումների բացակայության դեպքում Արմավիրի մարզադպրոցը կրկին կվերադարձվի ՀՖՖ ենթակայության տակ:

Օրակարգի վերջին հարցը վերաբերում էր ՀՖՖ Գործադիր կոմիտեի թափուր տեղի համալրմանը: Գործադիր կոմիտեի անդամներին առաջարկվեց, որպես ՀՖՖ գործկոմի նոր անդամ, հաստատել ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանի թեկնածությունը:  ՀՖՖ Գործադիր կոմիտեն կողմ քվեարկեց  Մխիթար Հայրապետյանի անդամությանը: