Ինչո՞ւ է ՀՀ-ն բաց թողել Pfizer պատվաստանյութ գնելու հնարավորությունը․ Ավանեսյանի պարզաբանումը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանն աշնանը կստանա Johnson & Johnson ընկերության պատվաստանյութի 50 հազար չափաբաժին։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
«Այս դեղը մեկ դեղաչափից է, այսինքն՝ նախատեսված է 50 հազար մարդու համար։ Դեռ մենք կստանանք Ամերիկյան Novavax դեղամիջոցի 300 հազար չափաբաժին, դրա պատվաստումն իրականացվում է երկու փուլով, այսինքն՝ 150 հազար դեղաչափ», - նշեց նա։
Ավանեսյանն ասաց, որ Հայաստանը հունվար-փետրվար ամիսներին հնարավորություն է ունեցել ձեռք բերել Pfizer պատվաստանյութի 15 հազար չափաբաժին, սակայն ենթակառուցվածքների բացակայության պատճառով այն չի գնել։
Մինչև 2021 թվականի հուլիսի 7-ը Հայաստանի Հանրապետություն է ներկրվել COVID-19-ի դեմ 279460 դեղաչափ պատվաստանյութ, որից 26,6%` 74400 դեղաչափ անգլո-շվեդական արտադրության «ԱստրաԶենեկա» (37200 անձի համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, 8-12 շաբաթ միջակայքով), 37,5%` 105060 դեղաչափ ռուսական արտադրության «Սպուտնիկ-ՎԻ» (52530 անձի համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, առնվազն 21 օր միջակայքով), 35,7%` 100000 դեղաչափ չինական արտադրության «ԿորոնաՎակ»՝ (50000 մարդու համար՝ յուրաքանչյուրին 2 դեղաչափ, 28 օր միջակայքով):
Նշենք, որ հուլիսի 7-ին ստացվել է ևս 15000 դեղաչափ «Սպուտնիկ-ՎԻ» պատվաստանյութի առաջին բաղադրիչ՝ 15000 անձի համար:
Հանրապետության մարզերի և Երևանի բոլոր առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն ապահովված են բավարար քանակության նշված 3 պատվաստանյութերով:
COVID-19-ի դեմ կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով, անվճար: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին: Շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը: Պատվաստումներ են իրականացվում նաև շարժական պատվաստումային կետերում, որոնք տեղակայված են Երևանի Հյուսիսային պողոտայում, Դալմա Մոլի, Մեգա Մոլի, Ռոսիա Մոլի և Կասկադի հարակից տարածքներում, ինչպես նաև Գյումրիում և Վանաձորում: