Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արայիկ Պապիկյան
A A
Քաղաքականություն

Զինծառայողի ինքնասպանության վարկածը փլուզվել է․ փաստաբան

    2018 թ մայիսի 6-ին     Տավուշի «Մեհրաբներ» զորամասում մահացած զինծառայող Լեւոն Թորոսյանի գործով  երեք տարի անիմաստ նախաքննություն է ընթացել։

«Վարկածը,  շարժառիթը, որը դրված է զինծառայողի ինքնասպանության գործի քննության հիմքում, հերքվում է հենց քրեական գործի նախաքննության նյութերով։ Գործը քննվել է մի քանի քննչական մարմիններում, բայց բոլոր այդ տեղերում չեն ցանկացել նկատել, որ այդ վարկածը փլուզվում է գործում առկա փաստերով եւ ապացույցներով»,- «Ա1+»-ին ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը։

    Որպես օրինակ փաստաբանը բերում է այն փաստը, թե իբր Լեւոն Թորոսյանը մարտական դիրքեր բարձրանալուց առաջ հրաժեշտ է տվել իր երկու մարտական ընկերներին՝ ասելով, որ այլեւս չի վերադառնալու։

«Երբ անձը չգիտի, թե որ մարտական դիրքում պետք է ծառայի, ովքեր են լինելու իր հետ ծառայություն  իրականացնող անձինք, ինչպես կարող էր նախապես հրաժեշտ տալ։  Իսկ հետագայում՝ օրեր հետո, իր նկատմամբ վատ վերաբերմունք լինի մի զինծառայողի կողմից ում հետ ինքը գրեթե շփում չի ունեցել, եւ  ինքնասպանություն գործի»,- ասում է Արայիկ Պապիկյանը։ 

   Արդյունքում հարցաքննությունների,  փորձաքննությունների եւ այլ քննչական գործողությունների արդյունքում գործի հատորների թիվը դարձել է 9-ը։

Ծնողները ցուցմունքներում նշել են, որ զորամասում  Լեւոն Թորոսյանի  նկատմամբ տեղի է ունեցել շարունակական  վատ վերաբերմունքի փաստ։ Տուժող կողմը  կոնկրետ ամսաթիվ եւ ժամկետ է  նշել,  սակայն նախաքննական մարմինը գրեթե երեք տարի բոլորովին այլ ամսաթվով է փորձել պարզել  այդ վերաբերմունքի փաստը։ Արդյունքում ոչինչ չեն պարզել։

   Լեւոն Թորոսյանի ծնողները շարունակում են պնդել՝ իրենց որդուն սպանել են, նա ինքնասպանություն չի գործել։ Իսկ նախաքննական մարմինը գործով որոշել է նոր նախաքննություն սկսել։