Բացել լրահոսը Փակել լրահոսը
unnamed
A A
Հասարակություն

Հայաստանի 1403 դպրոցներից 128-ը չունի կոյուղացման հնարավորություն

 

Համաձայն ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր զեկույցի՝ աշխարհում միլիարդավոր մարդիկ 2030 թ.-ից հնարավորություն չեն ունենա օգտվելու մաքուր ջրից և սանիտարահիգիենիկ պայմաններից, եթե առաջընթացի մակարդակը չքառապատկվի։

 

ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համատեղ մշտադիտարկման ծրագրի՝ 2000-2020թթ․ խմելու ջրի, սանիտարահիգինիկ իրավիճակի առաջընթացի մասին զեկույցը գնահատականներ է տալիս մաքուր ջուր ունենալու, սանիտարահիգիենիկ պայմաններից օգտվելու հնարավորությունների վերաբերյալ նախորդ 5 տարիների կտրվածքով: Զեկույցը նաև գնահատում է Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ) 6-րդ նպատակին հասնելու առաջընթացը, այն է՝ «Մինչև 2030 թ. ձեռք բերել անվտանգ և մատչելի խմելու ջրի համընդհանուր և հավասար հասանելիություն բոլորի համար»: Առաջին անգամ զեկույցը անդրադառնում է նաև դաշտանային առողջության վերաբերյալ ազգային տվյալներին:

 

2020 թ.-ին 4-ից գրեթե 1-ը տանը մաքուր ջուր չի ունեցել, իսկ աշխարհի բնակչության մոտավորապես կեսը զրկված է եղել անվտանգ կերպով կառավարվող սանիտարահիգիենիկ պայմաններից։ ՔՈՎԻԴ-19 համավարակի ընթացքում մաքուր ջրից օգտվելու անհրաժեշտությունն առավել կարևորվեց։ Համավարակի սկզբից աշխարհում 10-ից 3-ը չի կարողացել իր տանը լվանալ ձեռքերը օճառով և ջրով։

 

«Ձեռքեր լվանալը ՔՈՎԻԴ-19-ի և այլ ինֆեկցիոն հիվանդությունների տարածումը կանխելու ամենաարդյունավետ միջոցներից մեկն է, այնուամենայնիվ, միլիոնավոր մարդիկ աշխարհում չունեն մաքուր ջուր», - նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն դոկտոր Թեդրոս Ադhանոմ Գեբրեյեսուսը: «Եթե մենք ցանկանում ենք դադարեցնել այս համավարակը և կառուցել ավելի դիմացկուն առողջապահական համակարգ, հօգուտ ջրի և սանիտարահիգիենիկ պայմանների ներդնելը պետք է դառնա համաշխարհային առաջնահերթություն»:

 

Զեկույցում որոշակի առաջընթաց է արձանագրված՝ ուղղված ջրից և սանիտարահիգիենիկ հիմնական ծառայություններից օգտվելու համընդհանուր հասանելիությունն ապահովելուն: 2016-2020թթ. ընթացքում մաքուր ջուր ունեցող աշխարհի բնակչության թիվը 70 տոկոսից դարձել է 74, անվտանգ կերպով կառավարվող սանիտարահիգիենիկ ծառայություններն աճել են 47 տոկոսից մինչև 54, իսկ լվացարաններից, օճառից և ջրից օգտվողների թիվը 67 տոկոսից դարձել է 71 տոկոս:

 

Զեկույցում հստակ նշվում է, որ եթե տվյալ միտումը պահպանվի, միլիոնավոր երեխաներ և ընտաիքներ կմնան առանց կյանքի համար կարևորագույն պայմանների՝ առանձնացնելով, որ մինչև 2030 թ.-ը.

 

Աշխարհի բնակչության միայն 81 տոկոսը տանը կունենա մաքուր խմելու ջուր, իսկ 1,6 միլիարդ մարդ զրկված կլինի դրանից:

Միայն 67 տոկոսը կունենա անվտանգ սանիտարահիգիենիկ պայմաններ, իսկ 2,8 միլիարդ մարդ զրկված կլինի այդ պայմաններից:

Եվ միայն 78 տոկոսը կունենա ձեռքերը լվանալու տարրական հարմարություններ և միջոցներ, իսկ 1,9 միլիարդ մարդ զրկված կլինի դրանցից։

Ըստ զեկույցի, գոյություն ունի հսկայական անհավասարություն, ինչի հետևանքով ավելի շատ են տուժում խոցելի ընտանիքներն ու նրանց երեխաները։ Որպեսզի աշխարհի բնակչությունը ջուր ունենա մինչև 2030 թ.-ը, ներկայումս գոյություն ունեցող առաջընթացի տեմպը պետք է տասնապատիկ ավելանա ամենաքիչ զարգացած երկրներում: Խոցելի վայրերում, որտեղ մարդիկ երկու անգամ ավելի հավանական է, որ չունենան անվտանգ խմելու ջուր, տեմպը պետք է ավելանա 23 անգամ:

 

«Նույնիսկ համավարակից առաջ միլիոնավոր մարդիկ տուժում էին մաքուր ջրի, անվտանգ սանիտարահիգիենիկ պայմանների և ձեռքերը լվանալու համար նախատեսված հարմարությունների բացակայությունից», - նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Հենրիետա Ֆորը։ «Չնայած ցայսօր արձանագրված տպավորիչ առաջընթացին՝ ավելացնելու կենսական նշանակության ծառայությունների առկայությունը, տագնապալի և աճող կարիքները գերազանցում են այդ կարիքները հոգալու մեր հնարավորությունը։ Ժամանակն է զգալիորեն շատ ջանքեր գործադրել, որպեսզի կարողանանք յուրաքանչյուր երեխայի և ընտանիքի տրամադրել առողջության և բարօրության համար անհրաժեշտ տարրական պայմաններ, այդ թվում՝ ՔՈՎԻԴ-19-ի նման ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարելու համար»:

 

Զեկույցում տեղ գտած այլ կարևոր բացահայտումներից են՝

Ջրային տարրական ծառայություններ ունեցող 10 մարդկանցից 8-ը գյուղաբնակ է: Միևնույն ժամանակ անվտանգ կառավարվող սանիտարական ծառայությունները հասանելի են աշխարհի քաղաքային բնակչության 62 տոկոսին, իսկ գյուղական բնակչության՝ 44 տոկոսին:

Ենթասահարյան Աֆրիկայի երկրներում առաջընթացն ամենափոքրն է աշխարհում։ Բնակչության միայն 54 տոկոսն է օգտվում խմելու մաքուր ջրից, իսկ խոցելի վայրերում՝ միայն 25 տոկոսը:

Դաշտանային առողջության վերաբերյալ ի հայտ եկած տվյալները ցույց են տալիս, որ շատ երկրներում կանանց և աղջիկների մեծամասնությունը հնարավորություն չունի հոգալու իր կարիքները։ Զգալի տարբերություն է նկատվում հիմնականում խոցելի խմբերի, աղքատ ընտանիքների և հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների մոտ:

Իրավիճակը Հայաստանում:

Հայաստանի 1403 դպրոցներից 128-ը չունի կոյուղացման հնարավորություն: Այս դպրոցներում սովորում է մոտ 11, 900 երեխա և աշխատում են 1500-ից ավելի ուսուցիչներ:

 70-ում բացակայում է ջրամատակարարում, այսինքն՝ մոտ 4400 երեխա և ավելի քան 640 ուսուցիչ չունեն ջրի հասանելիություն դպրոցի մեջ կամ տարածքում: