Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Այսպիսի Սահմանադրությամբ որևէ ազգ ապրել չի կարող․ Հայրիկյան (տեսանյութ)

Ավանդույթի համաձայն ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը ասուլիս էր տալիս ՀՀ Սահմանադրության օրը, որին համընկել է նաև նրա ծննդյան տարեդարձը։

Ինչպես նշեց նա՝ շատերին թվում է, թե ավելի կարևոր խնդիրներ կան այսօր, բայց ինչով էլ զբաղված լինենք, Սահմանադրության հարցը մնում է հարցերի հարցը։ Թեև նա չմոռացավ շեշտել, որ այսօր ամենամեծ խնդիրներից է մեզ համար անվտանգության հարցը։

«Պետք է ՀՀ քաղաքացիների իրավահավասարությունը ապահովել, որ մարդիկ բոլոր տեղերում իրենց զգան հայրենիքի տերը», - ասաց Հայրիկյանը։

Վերջին շրջանում, երբ Նիկոլ Փաշինյանը ձախողվեց Սահմանադրության հարցում, նրա խոսքով, 7 կուսակցություններով ներկայացրին իրենց նախագիծը, բայց Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէր դրան և պատրաստ չէ անգամ իր որոշումներն իրականացնելու, սակայն վերջինս դեռևս հնարավորություն ունի ճիշտ ճանապարհին կանգնելու։

«Մենք առաջարկել ենք մի նախագիծ, որի նմանը աշխարհում չկա։ Բացարձակ ժողովրդավարության մեր Սահմանադրության նախագծի ընդունումով Հայաստանը ոչ միայն կդառնա ամենաժողովրդավար երկիրն աշխարհում, այլև կդառնա օրինակելի երկիր բոլոր երկրների համար», - ասաց նա։

Այն, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ այս ընտրությամբ ժողովուրդը դարձավ երկրի տերը, Հայրիկյանի կարծիքով խեղկատակություն է, քանի որ ժողովուրդը երկրի տերը դառնում է Սահմանադրությամբ․ «Ժամանակին Նիկոլ Փաշինյանը վերցրեց մեր՝ «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսը, որը բխում է ազգային ինքնորոշում հասկացությունից։ Ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, որևէ մեկը, եթե իր անձի հետ է կապում քաղաքացիների իշխանությանը գալը կամ չգալը, դեռ անցնելու շատ ճանապարհ ունի»։

Նա ներկայացրեց նաև իրենց՝ Բացարձակ ժողովրդավարության համակարգը, որը բավական մոտ է նախագահական համակարգին, սակայն նախագահ չկա․ «Նախագահը քաղաքացին է, որ երկու տարով ընտրում է վարչապետին, գործադիր իշխանությանը, օրենսդիր մարմնին։ Կարևորն այն է, որ խորհրդարանական ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքացիների ձայները կարող են հայտնվել Խորհրդարանում։ Եթե մեկը ստացել է 10 հազար ձայն, քվեարկում է այդքանով, եթե մյուսը ստացել է 50 հազար ձայն, քվեարկում է այդքան ձայնով»։

Արդյոք նրանց առաջարկած երկու տարին մեկ երկրի ղեկավար փոխելը կայունության վրա չե՞ն ազդի, նա նշեց, որ ամենակայուն երկրներից մեկը ԱՄՆ-ն է, և նրանց բարձրագույն իշխանական մարմինը ընտրվում է երկու տարով, սակայն ոչ ոք դրանից չի բողոքում. «Ոչ ճգնաժամ է հնարավոր, ոչ էլ ծրագրերի խաթարում։ Երբ դու ծրագրերը կապում ես անհատի հետ, նշանակում է՝ դու այնքան էլ լավ չես հասկանում ծրագրերի նշանակությունը»։

Ընտրություններից հետո էլ քաղաքական կայունության չենք հասել և չենք հասնի, ասաց Պարույր Հայրիկյանը․ «Այսպիսի Սահմանադրությամբ որևէ ազգ ապրել չի կարող։ Չի կարող Խորհրդարանը կոչել համամասնական ընտրակարգով ընտրված, բայց ասել՝ պառլամենտում պետք է լինի մեծամասնական»։

Նրա խոսքով՝ հայ մարդը ձայն տվեց այն քաղաքական գործին, որ չի կարողացել գերիների հարցը լուծել խաղաղ պայմաններում։ Այդ պայմաններում գերիները պատանդ են․ «Ինքը ստորագրեց եռակողմ հայտարարություն, որ գերիները պետք է վերադարձվեն, դրանից հետո ինքը հրամայել է մարդկանց գնալ Հադրութ և ինքնասպանություն չգործեց, երբ չկարողացավ այդ մարդկանց ազատել»։