Բացել լրահոսը Փակել լրահոսը
Նիկոլ Փաշինյան
A A
Քաղաքականություն

Փաշինյանի որոշումից հետո

Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչության գործունեությունը դադարեցվում է․ այս մասին նշվում է վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանի որոշման մեջ։ 

Նույն որոշմամբ՝ ուժը կորցրած է  ճանաչվում Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 740-Լ որոշմամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրության 33-րդ կետի 4-րդ ենթակետը:

Այսինքն՝  նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներից դուրս է  գալիս սեյսմիկ պաշտպանության վարչությունը։

Capture1.JPG (56 KB)

Այս որոշումը քննարկումների առիթ է դարձել սոցիալական հարթակներում: Օգտատերերը քննադատում են Նիկոլ Փաշինյանին Սեյսմիկ պաշտպանության վարչությունը փակելու համար՝ անգամ հեգնելով՝ Հայաստանում այլեւս երկրաշարժ չի՞ լինելու:

Արձագանքելով  տարաբնույթ մեկնաբանություններին՝  ԱԻՆ-ը պարզաբանում է ներկայացրել։

«Հաշվի առնելով «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն›› ՊՈԱԿ-ի գործառույթները՝ մասնավորապես հարաբերությունները տարբեր միջազգային կազմակերպությունների հետ, դիտացանցի աշխատանքների կարևորությունը, ինչպես նաև մասնագիտական այլ գործառույթներ, կառավարությունն առավել նպատակահարմար է համարել, որ Արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության վարչությունը կշարունակի գործել նախկին կարգավիճակով՝ որպես ՊՈԱԿ»,- ասված է պարզաբանմամ մեջ։

Հիշեցնենք, որ  օրեր առաջ՝ հունիսի 24-ին, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է դադարեցնել «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպության լուծարման գործընթացը:

Ըստ այդմ՝ ուժը կորցրած է ճանաչվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին» N 975-Ա որոշումը:

Հավելենք, որ այս տարվա սկզբին ԱԻՆ-ը հանդես էր եկել՝ այսօրվանից գործունեությունը դադարեցրած վարչության վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ:

Ըստ նախագծի՝  «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածով սահմանված գործառույթների ապահովումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ է, որպեսզի կառույցում վարչության փոխարեն ստեղծվի գրասենյակ, որի արդյունքում կպահպանվեն սեյսմիկ անվտանգության ապահովման ոլորտում գործող ստորաբաժանումները՝ դիտակետեր, դիտակայաններ և այլ կառույցներ:

Փաստորեն՝ նախագիծը չընդունվեց, բայց որոշում եղավ: