Բացել լրահոսը Փակել լրահոսը
210893676_2601073410188196_6181543980633217069_n
A A
Տնտեսություն

Փոխվել են ՄՊՀ-ի կողմից իրականացվող վարչական վարույթների կարգն ու ժամկետները․ Օհանյան

Փոխվել են Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթների կարգն ու ժամկետները։
 
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի օգնական Էմմա Օհանյանը ներկայացնում է Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթների տեսակները, կարգը և ժամկետները:
 
Որո՞նք են Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթների տեսակները
Հանձնաժողովն իրականացնում է բնույթով տարբեր վարչական վարույթներ, այդուհանդերձ, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի մինչև 2021 թվականի մայիսի 31-ը գործող խմբագրությամբ իրարից տարբերվող բոլոր վարչական վարույթների իրականացման համար առկա էին միատեսակ կարգավորումներ, այն էլ` ոչ բավարար։ Արդյունքում, թե՛ Հանձնաժողովը, թե՛ վարույթների մասնակիցները բախվում էին բազմաթիվ խնդիրների:
Դա էր պատճառը, որ Օրենքի փոփոխություններով առանձնահատուկ տեղ հատկացվեց Հանձնաժողովի կողմից վարչական վարույթների իրականացման կարգավորումներին։ Այսպես՝ սահմանվեցին Հանձնաժողովի կողմից վարչական վարույթների իրականացման ընդհանուր կարգավորումներ։ Մասնավորապես, կարգավորվեցին
✅ վարչական վարույթի իրականացման կարգը,
✅ժամկետները,
✅վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքի իրականացման կարգը,
✅վարչական վարույթի կասեցման, վերսկսման և կարճման հիմքերը,
✅վարչական ակտի ընդունման և ուժի մեջ մտնելու հետ կապված հարցերը։
Միաժամանակ, Օրենքով սահմանվեցին առանձին դրույթներ վարչական վարույթների առանձին տեսակների վերաբերյալ:
❓Ի՞նչ վարչական վարույթներ է իրականացնում Հանձնաժողովը
🟢 համակենտրոնացման գնահատման վարույթ.
🟢տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթ.
🟢 այլ վարույթներ (վարչական բողոքի քննության, պետական օժանդակության թույլատրելիության վերաբերյալ և այլն)։
❓Ի՞նչ կարգով են իրականացվում վարչական վարույթները
🟢 համակենտրոնացման գնահատման վարույթին վերաբերող առանձնահատկությունները կարգավորված են Օրենքի 15-րդ և 16-րդ գլուխներով.
🟢 տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթին վերաբերող առանձնահատկությունները կարգավորված են Օրենքի 15-րդ և 17-րդ գլուխներով.
🟢 այլ վարույթների (պետական օժանդակության թույլատրելիության վերաբերյալ և այլն) նկատմամբ կիրառելի են Օրենքի 15-րդ գլխի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի դրույթները:
❓Ի՞նչ ժամկետներում է Հանձնաժողովն իրականացնում վարչական վարույթները
Օրենքի փոփոխություններով Հանձնաժողովի կողմից իրականացվող բոլոր վարչական վարույթների համար սահմանվել է եռամսյա ժամկետ, բացառությամբ հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի և բանակցային ուժեղ դիրքի չարաշահման, տնտեսական գործունեության արգելված համակարգման իրավախախտումների վարույթների, որոնց իրականացման համար նախատեսվել է վեցամսյա ժամկետ։
Միաժամանակ, երբ Հանձնաժողովի կողմից իրականացվող տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթը վերաբերում է մեկից ավելի իրավախախտումների, որոնցից առնվազն մեկը հակամրցակցային համաձայնություն, գերիշխող դիրքի, բանակցային ուժեղ դիրքի չարաշահում կամ տնտեսական գործունեության արգելված համակարգում է, ապա այդ վարչական վարույթի իրականացման համար նախատեսվում է վեց ամիս ժամկետ։