Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լ. Իգիթյան. «Ի՞նչ է նշանակում անկախություն» (տեսանյութ)

Հասարակություն
d2ec622561e78a64197c8c8026046804

Անկախության 19 տարիները ճարտարապետ, Երեւանի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանին ստեղծագործական տեսանկյունից համարյա ոչինչ չեն տվել:

«Խորհրդային տարիներին բռնատիրական ռեժիմ գոյություն ուներ, պետությունը ճնշում էր գործադրում, որովհետեւ վճարում էր: Սակայն արվեստագետները հարկադրվելու հաշվին գլուխգործոցներ էին ստեղծում: Իսկ հիմա ճնշում չկա: Մենք չհասկացանք` ինչ է նշանակում անկախություն»,- ասաց Լեւոն Իգիթյանը:

Նրա հետ համակարծիք էր նաեւ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

«Բացի պոռթկումից, որպես ստեղծագործողի, ինձ ոչինչ չի տվել»,- նշեց Կարեն Աղամյանը եւ ապա ավելացրեց, որ խորհրդային տարիներին էլ երբեք իր ստեղծագործություններում կաշկանդված չի եղել, նկարել է այնպես, ինչպես ուզել է եւ հիմա էլ է նույնը:

Կարեն Աղամյանի արվեստի մեջ կան փոփոխություններ, իսկ դա կախված է նրանից, թե ինչ իրավիճակում է ապրում:

Իսկ եթե առհասարակ խոսենք, ապա անկախությունը, ըստ Նկարիչների միության նախագահի, տվեց այն մեծ հնարավորությունները, որ ունի անհատ ստեղծագործողը` ինֆորմացիայի ազատություն, ազատ մտածելակերպ, ավելի լայն հնարավորություն` շփվելու աշխարհի հետ:

Երկու բանախոսների կարծիքների հետ, սակայն, համամիտ չէր «4 կարիճ» մշակութային կազմակերպության նախագահ Հայկ Մութաֆյանը:

«Անկախությունը ազդել է մեր ապրելակերպի, մշակույթի վրա եւ տալիս է նոր մարդիկ, ովքեր ցանկանում են այդ ամեն ինչը պատկերել արվեստի միջոցով: Բայց ժամանակը գնում է առաջ եւ հուսով ենք, որ նոր արվեստի գլուխգործոցներ կլինեն»,- ասում է նա: