Օլիմպիական չեմպիոն դառնալու համար Սիմոնը պետք է բարելավի իր արդյունքները․ Փաշիկ Ալավերդյան
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը կարծում է, որ Սիմոն Մարտիրոսյանը ի վիճակի է ոսկե մեդալ նվաճել Տոկիոյի օլիմպիական խաղերում։
«Սիմոն Մարտիրոսյանն այս պահին վարկանիշով լավագույնն է իր քաշային կարգում և համարվում է գլխավոր ֆավորիտը օլիմպիական խաղերում, բայց չեմպիոն դառնալու համար դա քիչ է, քանի որ այդ քաշային կարգում շատ մեծ է մրցակցությունը։ Հաղթելու համար Սիմոնը միանշանակ պետք է ավելի շատ քաշ բարձրացնի, քան նախկինում է բարձրացրել, նույնիսկ համաշխարհային ռեկորդ սահմանի։ Հուսանք, որ այս անգամ դա նրան կհաջողվի», - «Ա1+»-ին տված հարցազրույցում ասաց փորձառու մասնագետը։
Առաջիկայում մեր հավաքականը ուսումնամարզական հավաք կանցկացնի Աբովյանում։
«Սա մեր երկրորդ ուսհավաքն է վերջին մեկ ամսում։ Թիմը պատրաստվում է սեպտեմբերի վերջին Բաթումում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այդ մրցումներից առաջ նախատեսել են ուսհավաք Ուկրաինայում կամ Վրաստանում։
Ինչ վերաբերում է մեր երկու օլիմպիականներին՝ Իզաբելլա Յայլյանին ու Սիմոն Մարտիրոսյանին, ապա նրանք Տոկիո կմեկնեն հուլիսի 19-ին։ Մտադիր ենք այնտեղ անցկացնել վերջին ուսհավաքը, որպեսզի մարզիկները վարժվեն տեղի կլիմային, հարմարվեն ժամային գոտուն», - ասաց Փաշիկ Ալավերդյանը։
Հավելենք, որ Իզաբելլա Յայլյանը օլիմպիական խաղերում մրցասպարեզ է դուրս գալու հուլիսի 27-ին, իսկ Սիմոն Մարտիրոսյանը՝ օգոստոսի 3-ին։ Փաշիկ Ալավերդյանը խաղերում կկատարի նաև մրցավարի պարտականություններ, իսկ մարզումներում նրան կօգնի Վիգեն Խաչատրյանը։