Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Անձեռնմխելիության խնդիր Քոչարյանի համար չի կարող առաջանալ․ դատախազի տեղակալ (տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, կայացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը:

Նիստի ընդմիջման ժամանակ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը հայտնեց՝ դատարանն արձանագրել է, որ նախորդ դատական նիստը հետաձգելու պատճառը շարունակում է առկա լինել, մասնավորապես՝ դատարանի համար պարզ չէ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կարգավիճակը, քանի որ նրանք «Հայաստան» դաշինքի ցուցակում են եղել և ԱԺ պատգամավոր կարող են դառնալ։

«Դատարանին մտահոգում էր նրանց անձեռնմխելիության հարցը։ Դատարանի հայտարարությունից պարզ էր, որ գտնում է, որ նրանք ձեռք են բերում անձեռնմխելիություն ու, նրանց քրեական հետապնդման ենթարկելու համար պետք է անձեռնմխելիություն հաղթահարվի։ Բայց Սահմանադրական կարգավորումներում ասվում է, որ ԱԺ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում չի կարող հարուցվել առանց ԱԺ համաձայնության ու պատգամավորը չի կարող ազատությունից զրկվել առանց ԱԺ համաձայնության։

Մենք ազատությունից զրկելու հարց չենք քննարկում, իսկ մնացած հարցերը արդեն վարույթի ավարտի հարցեր են», - ասաց դատախազի տեղակալը։

Ինչ վերաբերում է քրեական հետապնդման ենթարկելուն կամ դա շարունակելուն, նրա խոսքով, խոսքը բացառապես քրեական հետապնդում հարուցելու մասին է։ Քրեական հետապնդում հարուցելու փուլը վաղուց ավարտված է, դա նախնական քննության փուլում է եղել․ «Մենք կարծում ենք, որ անձեռնմխելիության խնդիր չի առաջանա։ Առարկեցինք դատարանի հայտարարությունը, դրանից հետո արձագանք չեղավ ու դատարանը հայտարարեց ընդմիջում»։

Ըստ նրա՝ պաշտպանական կողմը չի բարձրացրել անձեռնմխելիության հարց, այլ դա արել է դատավորը, բայց չի լսել նաև, որ դատավորը համարի նրանց ընտրված պատգամավոր։ Դատավորն արձանագրեց, որ այդպիսի հարց կարող է առաջանալ նրանց կողմից մանդատներ ստանալու պարագայում։

«Երբ որ կվերցնեն մանդատներն ու կառաջանա անձեռնմխելիության հարց, դա կքննարկենք։ Հետաձգել դատական նիստը, որ ինչ-որ մի օր կարող է առաջանալ անձեռնմխելիության հարց կամ չի կարող, ճիշտ չէ», - ասաց Գևորգ Բաղդասարյանը։

Նշենք, որ ընդմիջումից հետո դատական նիստը վերսկսվեց, որի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ նիստը հետաձգվում է՝ ամբաստանյալի կարգավիճակի հետ կապված դատարանի կողմից նշված հանգամանքները պարզելու անհրաժեշտությունից ելնելով։ Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 3-ին, ժամը 13։00-ին։