Բացել լրահոսը Փակել լրահոսը
205308424_3938276746269815_5594686310510347895_n
A A
Քաղաքականություն

Հաշված ամիսներ անց Առաջին Հանրապետությունը վերածնվելու է․ Վահե Գասպարյան

Ազգային-ժողովրդավարական Բևեռի վարչապետի թեկնածու Վահե Գասպարյանի հայտարարությունը․

Այն որ մոտակա ամիսները շատ որոշիչ և փոթորկալից են լինելու թե՛ Ռուսաստանի և թե՛ ամբողջ հետխորհրդային տարածքի համար կասկածից վեր է։ Բավական է նշել այն, որ Ռուսաստանը կանգնած է բազմաթիվ լրջագույն մարտահրավերների առջև (կորոնավիրուսի նոր ալիք, սանկցիաների խստացում, գնաճ, ինֆլիացիա, Պետդումայի սեպտեմբերյան դժվարին ընտրություններ, Պուտինի իշխանության տրանզիտ), իսկ Լուկաշենկոի ռեժիմը Բելառուսում տապալման նախաշեմին է վերջին դաժանագույն սանկցիաներից հետո, որոնք զրկեցին այդ երկրի բյուջեն արտարժույթի մուտքերից։

Իրավիճակը սրվում է նաև Ուկրաինայի շուրջ, որտեղ այսօրվանից սկսվել են Արևմտյան աննախադեպ զորավարժությունները Սև ծովում՝ Օդեսայի ափերի մոտ։ Իսկ եթե սրան ավելացնենք ԱՄՆ նախագահ Բայդենի Պուտինին տրված 3 - 6 ամսվա ժամկետը և մի քանի կետերից բաղկացած վերջնագիրը, ապա պատկերը կամբողջանա։ Ես նախկինում բազմիցս նշել եմ ԽՍՀՄ de facto մոտակա փլուզման մասին և հիմա գրեթե վստահ եմ, որ այն սկսված է! ԽՍՀՄ ժառանգորդը հանդիսացող ԱՊՀ-ն և ԵԱՏՄ-ն, որոնք իրականում ռուսական կայսրության ռեինկարնացիան են, կանգնած են փլուզման առջև իրենց ողնաշարը հանդիսացող չեկիստական (ԿԳԲ-ական) համակարգով հանդերձ!

Սա պետք է սթափ գիտակցել և որևէ պատրանքներ այս առումով այլևս չունենալ! Ռուսական կայսրության Տիտանիկը խորտակվում է! Այդ պայմաններում խիստ ցանկալի կլիներ Ազգային Ժողովում ԱԺԲ ներկայությունը, որը կարևոր նախադրյալներ կստեղծեր Հայաստանը սահուն և անվտանգ կերպով այդ փոթորկալից գործընթացների միջով անցկացնելու համար, սակայն, ցավոք սրտի, ժողովուրդը կատարեց իր «ընտրությունը» և մենք ունենք այն ինչ ունենք։ Կրեմլը պարզապես չէր կարող իրեն թույլ տալ նման շռայլություն!

Այնուամենայնիվ, լինելով հայրենիքին նվիրված և խիստ պատասխանատու քաղաքական ուժ, Ազգային- ժողովրդավարական Բևեռը կշարունակի իր հռչակած ազգային-ազատագրական պայքարը, որը մենք կոչել ենք քաղաքական Սարդարապատ, որպիսի երկիրը ապագաղութացնելու միջոցով հիմքեր դրվեն ինքնիշխան պետության համար։ Մենք բազմիցս նշել ենք որ միայն անցումային ծրագրի (անցումային արդարադատություն, լյուստրացիա, նոր Սահմանադրության և Ընտրական Օրենսգրքի ընդունում) իրագործմամբ է, որ հնարավոր է Հայաստանում հաստատել արդարության և համերաշխության մթնոլորտ։ Միայն նման արմատական փոփոխությունների միջոցով մենք կարող ենք անցում կատարել գաղութային քրեաօլիգարխիկ համակարգից դեպի ինքնիշխան, ազգային և ժողովրդավարական համակարգ:

Կասկած չունեմ, որ հայ ժողովուրդը շատ շուտով կգիտակցի իր կատարած սխալն ու պահի լրջությունը և համախմբվելով ԱԺԲ-ի շուրջ իր կամքը կպարտադրի՝ զարմացնելով աշխարհին: Միայն ժողովրդի գիտակից և նվիրյալ հատվածի մոբիլիզացիան կարող է մեզ փրկել և կանխել նոր արհավիրքները: Սա կլինի այն ազգային վերելքը, որը ԱԺԲ-ի ջանքերի շնորհիվ սկսվեց մարտի 16-ի հանրահավաքից հետո և ժամանակավորապես կասեցվեց Կրեմլի հռչակած «արտահերթ ընտրություններ» օպերացիայի շնորհիվ։ Այն կվերածվի մի հզոր Հայկական Ցունամիի, որը կսրբի կտանի երկրի ներքին կեղտը, մաքրելով մեր հայրենիքի քաղաքական դաշտը Կրեմլի գործակալներից և նրանց մանր-մունր արբանյակներից: Հայկական Նյուրնբերգը մոտենում է! Հաշված ամիսներ անց Առաջին Հանրապետությունը վերածնվելու է