Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հասարակություն

Արմեն Չարչյանը քաղբանտարկյալ է. նրա հանդեպ անմարդկային վերաբերմունք են ցուցաբերում. Գեղամ Մանուկյան (տեսանյութ)

Բազմաթիվ քաղաքացիներ, բուժաշխատողներ «Հայաստան» դաշինքի նախաձեռնությամբ հավաքվել և բողոքի ակցիա էին իրականացնում ՀՀ Գլխավոր դատախազության մոտ` իրենց աջակցությունը հայտնելով դաշինքի անդամ, «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանին, որի հանդեպ որպես խափանման միջոց դատարանն ընտրել է կալանավորումը:

«Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը Չարչյանին համարեց որպես քաղբանտարյալ ու նշեց, որ Գլխավոր դատախազության գլխին կանգնած է մեկը, որ խայտառակ պարտություն է կրել պատերազմում:

«Երեկ, կատարելով իշխանության պահանջը` պրոֆեսոր Չարչյանի խափանման միջոցը կալանքն ընտրելուց հետո, նրա փաստաբանական կողմը երկու գործողություն է ձեռնարկել: Քիչ անց արդեն, վերաքննիչ դատարան կներկայացվի բողոքը, բայց այն բանից հետո, երբ պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, փաստաբաններն արագ միջնորդություն-հաղորդագրություն են ներկայացրել Գլխավոր դատախազություն` նրա խափանման միջոցը փոխելու պահանջով: Արդեն մեկ օր է անցել, բայց որևէ արձագանք չկա», - ասաց Գեղամ Մանուկյանը:

Հաշվի առնելով նրա առողջական վիճակը, ցուցարարները պահանջում են գլխավոր դատախազությունից անհապաղ քայլեր ձեռնարկել ու վերջ դնել «նրա հանդեպ անմարդկային վերաբերմունքին».

«Հազարավոր կյանքեր փրկած մարդուն ճաղերի հետև են մտցնում հազարավոր կյանքեր զոհ տված իշխանավորի պահանջով»:

Երևանի պետական բժշկական համալսարանի դիմածնոտային ամբիոնի վարիչ Գագիկ Հակոբյանը նշեց, որ լինելով պատգամավորի թեկնածու, Չարչյանը կարող էր քարոզարշավ իրականացնել, որի ընթացքում բռնության, հակապետական կոչ, ստիպողականություն իրենք չեն տեսել.

«Ցանկացած քաղաքացի, այդ թվում` պատգամավորի թեկնածու, իրավունք ունի իր ընտրողներին, նաև իր կոլեկտիվին կոչ անել մասնակցել ընտրություններին»:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել է ձայնագրություն, որում «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանը աշխատակիցների հետ հանդիպմանն ասում է.

 «Իմ պահանջն է ձեզ, պահանջն է բոլորիդ, որ պարտադիր գնաք ընտրությունների: Ավելին ասեմ՝ ես, էսօր լինելով «Հայաստան» դաշինքում, տեխնիկապես հնարավորություն ունեմ ստուգելու ցուցակները, ստուգելու՝ ով ա գնացել ընտրությունների»։

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա, ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանրորեն վտանգավոր արարք կատարելու համար, այն է` ծառայողական կախվածությունն օգտագործելով ընտրություններին մասնակցելուն և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելուն հարկադրելը, 21.06.2021թ.-ին մեղադրանք է առաջադրվել «Հայաստան» դաշինիքի թեկնածու Ա.Չ.-ին

Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը 23.06.2021թ.-ին բավարարվել է: