Բացել լրահոսը Փակել լրահոսը
download (1)
A A
Տնտեսություն

Արագածոտնում նոր արևային ֆոտովոլտային կայանը կգործարկվի 2025-ին

Կառավարությունը փոփոխություն կատարեց «Հայաստանում արդյունաբերական մասշտաբի «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի կառուցման ծրագրի ժամկետներում:

«Ֆինանսավորման Ամփոփման Վերջնաժամկետ» սահմանման մեջ «180 օր անց ընկնող ամսաթիվը» բառերը փոխարինվեցին «545 օր անց ընկնող ամսաթիվը» բառերով։

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը նշեց, որ խոսքը 200 մգվտ հզորությամբ «Այգ-1» արևային ֆոտովոլտային կայանի մասին է:

«Արդեն ունենք հաղթող, որն առաջարկել է մեկ կվտ էլեկտրաէներգիայի համար 2,9 ցենտ արժեք, որը բավականին ցածր գին է: Բացի այդ, մրցութային պայմաններից մեկն այն էր, որ պետական ընկերություններից մեկը ևս 15 տոկոսի չափով ունի փայամասնակցություն: Բավական խոշոր ներդրումային ծրագիր է, մոտ 174 մլն դոլար:

Կայանը կառուցվելու է Դաշտադեմ և Թալին համայնքների հատվածներում: Այդտեղ արդեն որոշակի աշխատանքներ իրականացրել ենք համայնքների հետ, հողահատկացման պրոցեսն ընթացքի մեջ է: Հողը պետության կողմից է տրամադրվում: Մենք ունենք բավականին լավ արդյունքներ: Կայանը գործարկվելու է 2025 թվականին,- ասաց Ավինյանը:

Իր հերթին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ նախընտրական շրջանում շատ էր խոսվում, թե միջազգային հայտնի կորպորացիաները ՀՀ-ում ներդրումներ չեն անում: «Մասդար»-ը ոլորտի ամենաազդեցիկ ընկերություններից մեկն է: Սա իր դրական ազդեցությունն  է ունենալու ոչ միայն տնտեսության տեսակետից, այլև ներդրումային միջավայրի գրավչության, որովհետև այս ընկերության ներկայությունը Հայաստանի շուկայում շատ կարևոր ու դրական ազդակ է միջազգային ներդրողների համար»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: