Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Ընտրական օրացույց. 4 օր անց. Ազատության հրապարակում նստացույց էր սկսել Նիկոլ Փաշինյանը (տեսանյութ)

1995-ի «ընտրությունները և հանրաքվեն ծայրեծայր կեղծված են վարչախմբի կողմից»,- հայտարարում են հայաստանյան կուսակցությունները: Արեւմտյան մամուլի արձագանքը պակաս կտրուկ չէ՝ 2 մլն հայ գնում է ընտրությունների, որոնք ամենայն հավանականությամբ կփոշիացնեն նախկին ԽՍՀՄ-ում Հայաստանի ժողովրդավարության կղզի լինելու մասին պնդումը:

1999-ի ընտրություններից 4 օր անց Գլխավոր դատախազություն հարցաքննության է հրավիրվում ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը բացատրություն տալու 2 օր առաջվա իր հայտարարության համար, ըստ որի ընտրացուցակներում միտումնավոր չեն ընդգրկվել ԱԻՄ-ական կողմնորոշում ունեցող մարդիկ:

Գլխավոր դատախազության երկու վարչությունների պետեր հայտարարում են, որ ի տարբերություն 1995-ի ընտրությունների, այս անգամ ընտրախախտումները քիչ էին: Հարուցված է ընդամենը 7 քրեական գործ՝ հիմնականում նախընտրական խախտումների համար: Կալանավորված է 3 հոգի:

1999-ի ընտրություններում քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակներն, ըստ օրենսգրքի, առնվազն 7 օր դեռ փակցված են մնում ընտրական տեղամասերում: Որոշներում սակայն դրան չկային: ԿԸՀ փոխնախագահն ասում է, որ օրենքը դա չի պարտադրում, իսկ ընտրացուցակների համար պատասխանատուն մնում է տեղամասային հանձնաժողովը:

ԿԸՀ-ում փոքրիկ խուճապ է՝ ընտրություններից 4 օր հետո  Ազգային Ժողովի պաշտոնաթերթ «Հայաստանի Հանրապետությունը» ԿԸՀ-ից վերցնելով համամասնական ընտրակարգով առավել ձայներ ստացած կուսակցությունների եւ դաշինքների նախնական ցուցանիշները, ինքնուրույն հաշվարկով որոշել է, թե ովքեր են դարձել պատգամավոր: ԿԸՀ-ն դրանից հետո լրագրողներին հրաժարվում է տրամադրել ընտրությունների մարզային տվյալները:

1999-ին ձեւավորված խորհրդարանում պատգամավորների անձեռնմխելիությունը վերացնելուն կամ հետ կանչելուն է հետամուտ լինելու առաջին անգամ խորհրդարանում հայտնված Դաշնակցությունը: Բայց Արմեն Ռուստամյանը չի մոռանա, որ խաղի կանոններ թելադրողը «Միասնություն» դաշինքն է: Դաշնակցական նորընտիր պատգամավոր Արմեն Ռուստամյանն անկեղծորեն ցավում է, որ Պարույր Հայրիկյանի նման քաղաքական գործիչը պատգամավոր չդարձավ:

2003-ի ընտրություններից 4 օր հետո մեծամասնական ընտրակարգով ընտրությունները երկու ընտրատարածքում ճանաչվում են անվավեր: 12-րդ ընտրատարածքում վերահաշվարկի ընթացքում Վերսանդիկ Հակոբյանի օգտին տրված քվեաթերթիկների մեջ մեծ քանակ էին կազմել Հարություն Ղարագյոզյանի օգտին տրված քվեաթերթիկները: Նույն հիմքով ընտրություններն անվավեր են ճանաչվել նաեւ Արմավիր քաղաքի թիվ 29 ընտրատարածքում, որտեղ հաղթել էր «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Մեխակ Մխիթարյանը: «Արդարություն» դաշինքը դեռ չի որոշել՝ դաշինքից ընտրված պատգամավորները մտնելո՞ւ են Ազգային ժողով, թե՞ բոյկոտելու են: Նորընտիր պատգամավոր Ստեփան Զաքարյանը, ներկայացնելով իր անձնական տեսակետը ասում է, թե բոյկոտը «ճիշտ չէ»: «Ազգային ժողովի ամբիոնը մեզ պետք է պայքարելու համար», - ավելացնում է նա:

2007-ի ընտրություններից հետո 4-րդ անգամ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած Վիկտոր Դալլաքյանն այդ առիթով կազմակերպում է մատաղի արարողություն: 

2007-ի ընտրություններից 4 օր հետո Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի դիմաց հացադուլի է նստում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը: Նա պատգամավորության թեկնածու էր առաջադրվել, սակայն պարտվել էր գործարար Գրիգոր Մարգարյանին: «Ես ընտրություններում ազատություն եւ արդարություն չտեսա, տեսա միայն թափանցիկություն՝ թե ինչպես էին մարդկանց փողը տալիս ու ասում՝ գնացեք քվեարկեք այսինչի օգտին»,-ասում է հայտնի բռնցքամարտիկը:

2012-ի ընտրությունների 3-րդ օրվա գիշերը անհայտ անձինք առեւանգում են ԿԸՀ-ի դիմաց հացադուլ անող, մաթեմատիկոս Արտավազդ Վարդանյանին: Նա հացադուլով պահանջում էր բոյկոտել խորհրդարանի ընտրությունները: Առեւանգողները նրան տարել են հարազատ գյուղ, որտեղից նա վերադարձել է տաքսիով: Եվ հայտնաբերել, որ հացադուլի պարագաները չկան: Ի դեպ, նույն օրը նրան այցելում են ոստիկանները եւ պահանջում, որ ԿԸՀ-ի դիմաց վրան չխփի: Ընտրակաշառքով քվեարկելը 2012-ի ընտրությունների ամենաքննարկվող թեման է: Կոնգրեսական Արշակ Բանուչյանը սակայն ընտրություններում պարտվել էր ոչ թե Հանրապետականի, այլ Բարգավաճ Հայաստանի թեկնածուին: Թեկնածուն չի բացառում, որ ընդդիմադիր քվեների մի մասը կորցրեց ԲՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում:

2012-ի ընտրություններից 4 օր հետո կառավարությունը որոշում է ընդունում մինչեւ 300 խորանարդ մետր գազ սպառող անապահով ընտանիքների սուբսիդավորումը եւս մեկ տարով երկարացնելու մասին: Հանրապետականից խաբվածներ են իրենց հայտարարում իրացման գոտու բնակիչները:

62 ընտանիք քվեարկել էին Հանրապետականի օգտին, որպեսզի կուսակցությունն ընտրվելուց հետո իրենց ապահովի բնակարաններով: Ընդդիմադիր միասնական շտաբն այս օրը ամփոփում է ընտրությունների ընթացքում հայտնաբերած խախտումները: Վարդան Օսկանյանն ուզում է հասկանալ՝ այդքան ընտրախախտումներ արձանագրելուց հետո ինքը իրավունք ունի՞ կասկածելու, որ տեղի է ունեցել պետական հանցագործություն: