Խոակին Բոգոսյանը փոխարինվեց
Երեկ մեկնարկած Եվրոպայի լիգայի 1-ին տուրում առավել հաջող հանդես եկան Անգլիայի, Ռուսաստանի, Գերմանիայի եւ Պորտուգալիայի ակումբները, որոնք հաղթեցին իրենց բոլոր մրցակիցներին:
Անգլիական «Մանչեսթր Սիթին» մրցակցի հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց ավստրիական «Զալցբուրգին»: Վերջինիս կազմում հանդես եկող ուրուգվահայ հարձակվող Խոակին Բոգոսյանը, որը խաղը սկսեց մեկնարկային կազմում, ոչնչով աչքի չընկավ: Այդ իսկ պատճառով 54-րդ րոպեին նա փոխարինվեց:
Անգլիայի «Լիվերպուլը» սեփական դաշտում ոչ մի շանս չտվեց Ռումինիայի աստղերին` «Ստյաուայի» ֆուտբոլիստներին` 4:1:
Մոսկվայի ԲԿՄԱ-ն արտագնա խաղում 3:0 հաշվով ջախջախեց շվեյցարիայի «Լոզանին», իսկ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթը» Բրյուսելում «Անդերլեխթի» հետ խաղում բավարարվեց 3:1 արդյունքով:
Անչափ հետաքրքիր պայքարում անցավ «Կարպատներ» - «Բորուսիա» (Դորտմունդ) մրցախաղը: Ուկրաինական թիմը սկզբում պարտվում էր 2 գոլի տարբերությամբ, բայց հետո անգամ առաջ անցավ հաշվի մեջ` 3:2: Սակայն հանդիպման վերջին 5 րոպեներին գերմանացիները եւս երկու գոլ խփեցին եւ ֆանտաստիկ պայքարում հաղթանակ տոնեցին` 4:3:
Գերմանիայի մյուս երկու թիմերը` «Բայերն» ու «Շտուտգարտը» իրենց հարկի տակ հեշտությամբ հաղթեցին համապատասխանաբար Նորվեգիայի «Ռուսենբորգին» (4:0) եւ Շվեյցարիայի «Յանգ Բոյզին» (3:0):
Եվրոպայի լիգայի անցած խաղարկության հաղթող Մադրիդի «Ատլետիկոն» պարտությունով սկսեց պատվավոր մրցանակը պահպանելու գործընթացը: Իսպանական ակումբը 0:1 հաշվով պարտվեց «համեստ» Աթենքի «Արիսին»: