Բացել լրահոսը Փակել լրահոսը
202887965_1460245354329337_9000964892967597316_n
A A
Հասարակություն

Sevan Startup Summit 2021-ը չի կայանա. Կազմակերպիչների մեղադրանքը եւ պաշտոնական պարզաբանումը

 Sevan Startup Summit 2021-ը չի կայանա՝ տարածքը չտրամադրելու պատճառով։ Այս մասին հայտարարություն է տարածել Seaside Startup Summit ի կազմակերպիչները:

«Սիրելի հետևորդներ, հարգելի գործընկերներ, խոր ափսոսանքով տեղեկացնում ենք, որ այս տարի Sevan Startup Summit 2021-ը չի կայանա տարածքը չտրամադրելու պատճառով։ Մոտ երկու ամիս տևած բանակցությունների արդյունքում պետության համապատասխան գերատեսչությունները նպատակահարմար չեն համարում բոլորիդ հայտնի սամմիթի տարածքը մեզ տրամադրել միջոցառումը կազմակերպելու համար։ Մենք չենք ցանկանում մեկնաբանել պատկան մարմինների որոշումը, սակայն ներկայացվող հիմնավորումները համարում ենք առնվազն պատճառաբանություն, քանի որ մեր միջոցառման ֆորմատի մեջ նախորդ տարիների համեմատությամբ ոչինչ չի փոխվել։
 
Տվյալ տարածքը 2009-2019թթ. եղել է մեր թիմի իրականացրած վրանային հավաքների, իսկ 2016-2019թթ. Sevan Startup Summit-ի մշտական տարածքը։ Այդ տարիների ընթացքում այնտեղ մեր կողմից իրականացվել է բարեկարգման և մաքրման հսկայական ծավալի աշխատանք։ Մենք գնահատում ենք, որ տվյալ որոշման արդյունքում սամմիթի չեղարկումը հարված է ամբողջ հայաստանյան ստարտափ էկոհամակարգին։ Հաշվի առնելով սամմիթի մասնակիցների աշխարագրությունը (SSS19-ին եղել են մասնակիցներ 45 երկրից)՝ վնաս է հասցվում նաև Հայաստանին՝ որպես ստարտափները և տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության մեջ գերակա ուղղություններ հայտարարած երկրի։
 
Կցանկանայինք նշել, որ 2016-2019թթ. մենք հյուրընկալել ենք ՀՀ բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք առանց բառացության իրենց հիացմունքն են արտահայտել սամմիթի, թե՛ ֆորմատի և թե՛ բովանդակության վերաբերյալ։
 
Ինչևէ, Seaside Startup Suumit-ը շարունակելու է իր գործունեությունը։ Այս երկու տարիների ընթացքում սամմիթի հիմնական ձևաչափից զատ մշակվել են մի քանի այլընտրանքային ձևաչափեր՝ SSS Holidays, SSS Weekend, SSS VR, SSS Game և այլն։ Աշխարհի տարբեր ծովափնյա վայրերում սամմիթի հիմնական և նոր մշակված ձևաչափերով միջոցառումների անցկացումը այժմ քննարկվում է մեր միջազգային գործընկերների հետ տարբեր ուղղություններով՝ Ռուսաստան, ԱՄՆ, ԱՄԷ, Հնդկաստան, Արգենտինա և այլն։
 
Այս ընթացքում մեր գործընկերներից շատերի հետ քննարկել ենք SSS21-ի շրջանակներում համագործակցելու և միասին աշխատելու տարբերակներ։ Բավականին մեծ թվով մարդիկ գնել են մասնակցության տոմսեր։ Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը։ Տոմսերի վճարները մոտակա օրերի ընթացքում հետ կվերադարձվեն։
Կտեսնվենք սամմիթում՝ ինչ-որ տեղ մոլորակի վրա»,-  նշվում է հայտարարության մեջ։
 
Շրջակա միջավայրի նախարարն էլ հայտնում է պատճառը. 
 
《Sevan Startup Summit 2021-ի անցկացման վայրի եւ միջոցառման հնարավոր չեղարկման պատճառների հետ կապված՝ մինչ պաշտոնական հաղորդագրության տարածումը, շատ հակիրճ տեղեկացնում եմ, որ ի սկզբանե միջոցառման կազմակերպիչներին մերժվել է նմանատիպ մասշտաբային միջոցառման անցկացումն իրականացնել Սեւան Ազգային Պարկի «Նորաշենի» արգելոցի անմիջապես հարեւանությամբ՝ համանուն արգելավայրի տարածքում եւ փոխարենն առաջարկվել է Սեւանի ափին մի քանի այլ տարածքներ, ինչից վերջիններս կտրականապես հրաժարվել են։
Հարցը եւս մեկ անգամ մանրազնին քննարկելուց հետո կազմակերպիչներին այնուամենայնիվ ԹՈՒՅԼԱՏՐՎԵԼ Է այդ վայրում անցկացնել, սակայն մի շարք սահմանափակումներով՝ պայմանավորված ՀՀ օրենսդրությամբ կարգավորվող՝ արգելոցային ռեժիմով եւ արգելավայրերի (բնության հատուկ պահպանվող տարածքների) իրավակարգավորումներով։ Այդ մասին վերջիններս իրազեկվել են նաեւ պաշտոնական գրությամբ։
 
Այդ առաջարկից կազմակերպիչները եւս հրաժարվել են՝ պատճառաբանելով, որ շուրջ 10հազար մասնակից ենթադրող միջոցառումն այդպիսի սահմանափակումների ռեժիմում հնարավոր չի իրականացնել։ Այդպիսով՝ հարցը համարվել է փակված, սակայն Սեւանի ափին, ՇՄՆ «Սեւան» ազգային պարկի տնօրինման տակ գտնվող այլ վայրում, որը չունի արգելոցի կամ արգելավայրի կարգավիճակ, միջոցառման իրականացման առաջարկը մնում է ուժի մեջ։ Խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից եւ շահագրգիռ շրջանակներին թյուրընկալման մեջ գցելուց։ Շնորհակալություն։
Հ.Գ. Քիչ ուշ նաեւ պաշտոնական հաղորդագրություն կտարածենք»: