Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Օրացույց․ 23-ը հունիսի․ Քոչարյանը, Սարգսյանը եւ Ջհանգիրյանը՝ պատմության այս օրը․․․ (տեսանյութ)

1992-ի այս օրերին Հայաստանը եւ Ռուսաստանը պայմանավորվում են 3 էտապով 6 ամսվա ընթացքում Հայաստանի տարածքից դուրս բերել Անդրկովկասյան զինվորական 7-րդ գվարդիական զորամիավորումը։ Զորամիավորումը վերջերս էր անցել Ռուսաստանի իրավասության տակ եւ անկախ Հայաստանի տարածքում գտնվելու ամբողջ ընթացքում ռեպրեսիվ գործողություններ չէր իրականացրել հայերի հանդեպ եւ հօգուտ հայերի չէր միջամտել ղարաբաղյան հակամարտությանը։ Չնայած ռուսական զորամիավորումների հեռացմանը, սպասվում է, որ Անդրկովկասի երեք երկրներից Հայաստանն առաջինը Ռուսաստանի հետ կստորագրի փոխօգնության եւ բարեկամության պայմանագիր։

1997-ի հունիսի 23-ին միմյանց հետ լեզու չեն գտնում Երեւանի Պետական համալսարանն ու Լեւոն Շանթի անվան դպրոցը։ Համալսարանին դուր չի գալիս, որ դպրոցն իր տարածքում է։ Համալսարանը վճռական է։ Դպրոցի աշակերտները եւ ծնողները բողոքում են։

1998-ի այս օրը հայ կանայք խոսում են ազգային անվտանգության մարտահրավերներից։ Նրանք Ռոբերտ Քոչարյանից պահանջում են դադարեցնել պետական գույքի սեփականաշնորհումը, հատկապես կոնյակի գործարանը։

1998-ի այս օրը հայ էներգետիկներն անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացմանը, դա բացատրում են կորուստների մեծ տոկոսով ։ Կառավարությունը տարվա սկզբին երկու վարկային պայմանագիր է ստորագրել ճապոնացիների եւ միջազգային զարգացման ընկերակցության հետ, որպեսզի սակագների բարձրացումով փակեն կորուստները եւ ծածկեն ՀԷՑ-ի ընթացիկ ծախսերը։

Գագիկ Հարությունյանի ղեկավարած Սահմանադրական դատարանն այս օրը վավերացնում է այդ համաձայնագրերում տեղ գտած պարտավորությունների համապատասխանությունը Սահմանադրությանը։ Հայաստանում ադամանդի արդյունաբերությունը թափ է հավաքում։ Նախորդ տարի ստեղծված Դի-Սի-Էյ անգլիական ընկերությունը Հայաստանում մոտ 7,5 միլիոն դոլարի ներդրում է իրականացրել։ Բացվել է 700 աշխատատեղ, թեպետ մրցակից ընկերություն ունի՝ դեռեւս չսեփականաշնորհված «Շողակն» ադամանդագործական գործարանը։

2000 թվականի այս օրն իր նստավայրում Ռոբերտ Քոչարյանն ընդունում է կաթողիկոսին եւ Գերագույն Հոգեւոր խորհրդի պատվիրակներին։ Հոգեւորականները պարոն Քոչարյանին խնդրում են ներկայացնել Հայաստանի ներքաղաքական դրությունը։ Քոչարյանը սքեմավորներին վստահեցրել է՝ իրավիճակը կայուն է եւ վերահսկելի։ 2001-ի այս օրերին Սյունիքի մարզպետ Էդիկ Բարսեղյանը խոսում է անկախությունից հետո Քաջարան քաղաքում ներգաղթի մասին։ Քաղաքում շնորհիվ վերագործարկված պղնձամոլիբդենային գործարանի, ապրում է ավելի քան 8 հազար մարդ, որից 2 հազար 500-ն աշխատում է կոմբինատում, որը պետք է սեփականաշնորհվի հաջորդ տարի։

2001-ի այս օրերին Սիսիանում երաշտ է։ Քաղաքապետ Լավրենտի Բարսեղյանն ասում է, որ գյուղացին ամեն ինչ ծախեց եւ գարնանացան իրականացրեց ։ Հունիսի 23-ին նա ամփոփում է արդյունքները՝ ոչ մի գրամ բերք չենք սպասում։

2004-ի հունիսի 23-ին ԵԽԽՎ-ի ամբիոնից Ռոբերտ Քոչարյանը պաշտպանում է Հայաստանի ընդդիմության դեմ ապրիլի լույս 13-ի գիշերվա իրադարձությունների ժամանակ կիրառված կոշտ միջոցները։ «Գործողության կազմակերպիչները ցուցադրաբար քաղաքացիներին անհնազանդության կոչ էին անում։ Ոստիկանությանն այլընտրանք չէր մնում. կարգուկանոնը վերականգնվեց արագ, առանց գործողության մասնակիցների առողջությանը լուրջ վնաս պատճառելու»,-Ստրասբուրգի ամբիոնից ասում է Ռոբերտ Քոչարյանը։

2009-ի հունիսի 23-ին «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից համաներումով ազատ է արձակվում Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմակից Գագիկ Ջհանգիրյանը։ Վերջինս առանձնապես հիացած չէ Սերժ Սարգսյանի համաներման հրամանագրով։

2010-ի այս օրը Սերժ Սարգսյանը Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում բաց տեքստով դժգոհում է ղարաբաղյան հարցում եվրոպական կառույցների ոչ հստակ դիրքորոշումից։ Երեւանում 2010-ի այս օրը քաղաքացիները բողոքում են օտարալեզու դպրոցների բացման համար «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու կառավարության նախաձեռնության դեմ։