Աղվան Մկրտչյանը սկսել է մարզվել
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի պաշտպան Աղվան Մկրտչյանը, որը վնասվածքի պատճառով բաց թողեց «Եվրո-2012-ի» առաջին երկու ընտրական խաղերը, սկսել է մարզվել իր թիմի` «Միկայի» կազում:
«Աղվան Մկրտչյանը չնայած արդեն մարզվում է թիմի հետ, բայց ոչ ամբողջ ծանրաբեռնվածությամբ, - «Ա1+»-ի մարզական թղթակցին տեղեկացրեց ակումբի մամուլի քարտուղար Աշոտ Մարտիրոսյանը, - Նրա մասնակցությունն «Ուլիսի» հետ խաղին դեռ հարցականի տակ է»:
«Միկայի» խոսնակը նաեւ հայտնեց, որ թիմի հետ սկսել է մարզվել կոտդիվուարցի հարձակվող Բոտի Դեմելը, որը նոր է ապաքինվել մոտ երկու ամիս առաջ ստացած վնասվածքից:
Սակայն առաջիկա խաղերին միկացիներին չի կարող օգնել թիմի ամենափորձառու հարձակվող Արամ Ոսկանյանը: «Նա «Միկայի» առաջնության վերջին խաղի նախավարժանքին վնասել է ջիլը: Այժմ ֆուտբոլիստի ոտքը գիպսի մեջ է,ուստի դժվար թե նա կարողանա վերականգնվել մինչեւ մրցաշրջանի ավարտը», - ասաց Աշոտ Մարտիրոսյանը:
Նշենք, որ Հայաստանի բարձրագույն խմբի 20-րդ տուրից հետո «Միկան» 34 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Առաջիկա տուրում միկացիները հանդիպելու են իրենց գլխավոր մրցակից «Ուլիսի» հետ, որն 42 միավորով ընթանում է 3-րդ հորիզոնականում: