Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

ՔՊ-ի հաղթանակը անքննելի և անվիճելի է․ Փաշինյանը հանդիպել է Արման Բաբաջանյանին (տեսանյութ)

Մի շարք քաղաքական ուժերի ղեկավարների հետ անցկացվող խորհրդակցությունների շրջանակում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վարչապետի մամուլի ծառայությունը։

Փաշինյանը հանդիպման ժամանակ նշել է․ «Ինչպես հրապարակային ասել եմ, այսօր մեր հանդիպման նախաձեռնությունը կապված է հետևյալի հետ. ես խորհրդարանական ընտրություններին մասնակցած այն ուժերի հետ, ովքեր հակված են խոսակցության, ուզում եմ հասկանալ, թե ինչպիսի պատկերացումներ ունեք այն մասին, թե ինչ ձևաչափեր կարող են լինել, որոնք կառավարության և արտախորհրդարանական ուժերի համար կբարձրացնեն փոխադարձաբար լսելիության և հասանելիության մակարդակը: Եվ բնականաբար, ես կարծում եմ, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը բավականին լուրջ քաղաքական բովանդակություն են գեներացրել, ու այդ քաղաքական բովանդակության առնվազն մի հատվածի իրացումը կարող է էական նպաստ բերել Հայաստանն այս դժվարին վիճակից դուրս բերելու գործում»:

Արման Բաբաջանյանը նախ շնորհավորել է Փաշինյանին, ապա նշել, որ հաղթանակը անքննելի և անվիճելի է։

«Եվ այդ իմաստով ցանկացած ձևաչափով պատրաստ ենք խոսակցության: Մենք հասկանում ենք, թե ինչպիսի ներքին և արտաքին սպառնալիքներ, մարտահրավերներ կան, որոնք, վստահ եմ, արժանիորեն այդ հասունությունը, գիտակցումը կունենանք դիմակայելու և հաղթահարելու: Կրկին ընդունեք իմ, մեր կուսակցության, մեր դաշինքի կողմից շնորհավորանքները և պատրաստ ենք խոսակցության»:

Զրուցակիցները քննարկել են ներուժի և կարողությունների համախմբմանը, հետագա գործակցության հեռանկարներին վերաբերող հարցեր: