Երկուսը կմասնակցեն առաջին անգամ
Ծանրամարտի Հայաստանի կանանց հավաքականը`գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանի ղեկավարությամբ, այսօր կմեկնի Անթալիա, որտեղ սեպտեմբերի 17-26-ը տեղի կունենա աշխարհի հերթական առաջնությունը:
Ծանրամարտի այս տարվա գլխավոր ստուգատեսին Հայաստանի կանանց հավաքականում ընդգրկվել են 4 մարզուհիներ` 53 կգ քաշային Էլեն Գրիգորյանը, 63 կգ քաշային Քրիստինե Պետրոսյանը, Եվրոպայի չեմպիոն Մելինե Դալուզյանը (69 կգ) եւ աշխարհի փոխչեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ):
Առաջնության կազմկոմիտեն արդեն հրապարակել է մրցումների ժամանակացույցը եւ մասնակիցների ցուցակները: Էլեն Գրիգորյանը եւ Քրիստինե Պետրոսյանը, ովքեր առաջին անգամ են մասնակցում նման բարձր մակարդակի մրցաշարի, հանդես կգան B խմբում: Սեպտեմբերի 18-ին մրցասպարեզ կմտնի Էլեն Գրիգորյանը, 20-ին` Քրիստինե Պետրոսյանը:
Իսկ ահա Մելինե Դալուզյանը եւ Հռիփսիմե Խուրշուդյանը ընդգրկվել են ուժեղագույնների` A խմբում: Մելինեն ելույթ կունենա սեպտեմբերի 22-ին, Հռիփսիմեն` սեպտեմբերի 25-ին: