Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ադրբեջանցի գործընկերներ,եթե խաղաղություն եք ուզում՝ հարկադրեք ձեր բռնապետ Ալիևին դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից․ Տաթեւիկ Հայրապետյան (տեսանյութ)

ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ժամանակ ունեցած ելույթում անդրադարձել է հայ ռազմագերիների հարցին:

«Հարգելի գործընկերներ, տիկնայք և պարոնայք, ինչպես գործընկերները նախորդիվ նշեցին, այո, Հայաստանը ընտրել է զարգացման ժողովրդավարական ճանապարհը, և դա փաստ է: Կարևոր է, որ մեր քաղաքացիներն են որոշում, թե ինչպես հաղթահարել ճգնաժամը: Այժմ ես ցանկանում վերադառնալ հայ ռազմագերիների թեմային:

Ես ցանկանում եմ բառացի մեջբերել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսակցությունը Էրդողանի տիկնոջ՝ Էմինե Էրդողանի հետ, որը տեղի է ունեցել մոտավորապես մեկ շաբաթ առաջ օկուպացված Շուշի ուղևորվելու ճանապարհին: Էմինե Էրդողանը հարց է ուղղում Ալիևին, թե արդյոք դեռ շատ հայ ռազմագերիներ կան՝ Բաքվում պահվող: Հարցին ի պատասխան՝ Ալիևը ուրախությամբ նշում է, այո, շատ: Էմինե Էրդողանն ասում է՝ շատ լավ է, վերադարձու նրանց փոքր «պորցիաներով»:

Սա բառացի նրանց խոսակցությունն է, տեսանյութը հասանելի է յութուբով: Ադրբեջանն ու Թուրքիան Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներ են, իսկ նրանց առաջնորդներն իրենց այսպես են պահում: Սա ոչ միայն հակասում է միջազգային իրավունքի տրամաբանությանը, այլ սա ուղղակի աննորմալ և անմարդկային մի բան է: Եվ ամեն անգամ, երբ մենք գալիս ենք այստեղ, ռազմագերիների հարազատները մեզ հարցնում են՝ ի՞նչ է Եվրոպան անում, որ օգնի վերադարձնել մեր հարազատներին:

Մենք պատասխանում ենք՝ քննարկում են, դատապարտում են և արդյունքում մենք ունենք ռազմագերիների՝ փոքր «պորցիաներով» վերադարձ, մինչդեռ Բաքվում բազմաթիվ գերիներ կան, իսկ նրանց ընտանիքները տառապում են: Ավելի քան կես տարի է անցել, ինչ Հայաստանը, Ադրբեջանն ու Ռուսաստանը զինադադարի հայտարարություն են ստորագրել: Հայաստանն իրագործել է իր պարտավորությունները, Ադրբեջանն է, որ հրաժարվում է դա անել, և հետո գալիս են այստեղ ու ասում՝ գիտե՞ք, մենք 15 ռազմագերի ենք վերադարձրել:

Շատ շնորհակալ ենք, բայց ես ցանկանում են ձեզ հիշեցնել, որ դա ձեր պարտավորությունն է անհապաղ վերադարձնել բոլոր ռազմագերիներին՝ համաձայն եռակողմ հայտարարության: Ես ցանկանում եմ ասել, որ խաղաղությունը զուտ գեղեցիկ բառ չէ, մենք արժևորում ենք խաղաղությունը ավելի, քան ցանկացած այլ ժողովուրդ, քանի որ մենք գիտենք, թե ինչ է դա՝ կորցնել թանկ մարդկանց, լինել պատերազմի մեջ, բայց խաղաղությունը ենթադրում է գործողություն, համառ աշխատանք, իսկ խաղաղության ադրբեջանական ձևը նշանակում է՝ ներթափանցել Հայաստանի ինքնիշխան տարածք, գերի պահել հայ ռազմագերիներին, պետական մակարդակով ապամարդկայնացնել հայ ժողովրդին, իսկ հետո գալ այստեղ և գեղեցիկ ձևով խոսել խաղաղության մասին:

Ադրբեջանցի գործընկերներ, եթե խաղաղություն եք ուզում, վերադարձեք ձեր երկիր և հարկադրեք ձեր բռնապետ Ալիևին գործել համաձայն միջազգային իրավունքի՝ վերադարձնել հայ ռազմագերիներին և դուրս գալ ՀՀ ինքնիշխան տարածքից: Մենք պատերազմ չենք ուզում, ոչ ոք չի ուզում պատերազմ, բայց եթե խաղաղություն եք ուզում, ուրեմն՝ գործե՛ք»: