Անգլիական օր
Եվրոպայի չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 1-ին տուրի երկրորդ օրը գրանցվեց 21 գոլ:
Այս անգամ արդյունավետությամբ աչքի ընկան անգլիական ակումբները: Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ իսկական դաս տվեց մրցաշարի նորեկ Պորտուգալիայի «Բրագային»` վերջինիս դարպասը խփելով 6 անպատասխան գոլ: Իսկ ահա Անգլիայի չեմպիոն «Չելսին» Բրատիսլավայում 4:1 հաշվով ջախջախեց Սլովակիայի չեմպիոնին` «Ժիլինային»:
Չեմպիոնների լիգայի միակ «հայկական» թիմը, Դոնեցկի «Շախտյորը», սեփական դաշտում նվազագույն հաշվով հաղթեց Բելգրադի «Պարտիզանին»` 1:0: Սերբերի դարպասը միակ գոլը խփեց հարեւան երկրի ֆուտբոլիստ, խորվաթ Դարիո Սրնան: Դոնեցկի «Շախտյորի» հայազգի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը չմասնակցեց հանդիպմանը, քանի որ թիմի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն ընդհանրապես չէր հայտավորել նրան:
Մրցաշարի ֆավորիտներ Մյունխենի «Բավարիան», «Միլանը» եւ Մադրիդի «Ռեալը» միեւնույն` 2:0 հաշվով հաղթեցին համապատասխանաբար Իտալիայի «Ռոմային», Ֆրանսիայի «Օսերին» եւ Հոլանդիայի «Այաքսին»:
Մնացած հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ.
«Մարսել» - «Սպարտակ» (Մոսկվա)` 0:1, «Կլուժ» - «Բազել»` 2:1: