Բացել լրահոսը Փակել լրահոսը
Hayk_Martirosyan
A A
Քաղաքականություն

Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ստրկատիրոջ եւ ստրուկի կարգավիճակում են. Հայկ Մարտիրոսյան

Հասարակության համար կեղծ օրակարգ է ստեղծվել, իբրև թե երկու ուժ է հիմնականում մասնակցում քարոզարշավին և իբրև թե միայն նրանք շանս ունեն անցնելու խորհրդարան: Այս կարծիքը ասուլիսում հայտնեց «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցության խորհրդի անդամ Հայկ Մարտիրոսյանը:

Նրա խոքով` շատերն ասում են, որ նախկինների չգալու համար ընտրելու են ներկաներին, մի մասն էլ ներկաների չմնալու համար ընտրելու է նախկիններին. «Երկուսն էլ բացարձակապես սխալ տեսակետներ են: Ասում են նաև, որ «Ազգային-ժողովրդավարական բևեռը» լավն է, սակայն շանսեր չունի անցնելու: Սա նույնպես կեղծ պրոպագանդիստական թեզ է, որովհետև մենք ունենք սատարման շատ լայն ուղեծիր, հասարակական լայն շերտեր սատարում են մեզ: Եվ չեն սատարում միայն նրա համար, որ մենք ազգային ուժ ենք, այլ որովհետև մենք իսկական ժողովրդավարական ուժ ենք»:

Արևմուտքի հետ համագործակցության հեռանկարների և Հայաստանի համար դրանից բխող շահերի մասին հարցին Հայկ Մարտիրոսյանը պատասխանեց, որ Արևմուտքի հետ հարաբերությունները բացակայել են Հայաստանում:

Հարաբերություններ եղել են միայն Ռուսաստանի հետ և դրանք եղել են ստրուկի և ստրկատիրոջ հարաբերություններ. «Ստեղծվել է մի իրավիճակ, երբ տնտեսական համագործակցության առումով Հայաստանին ստիպել են կտրվել Արևմուտքից»:

Քաղաքական մերձեցումը Արևմուտքի հետ, նրա խոսքով, կարող է Հայաստանը ոտքի հանել: Հայաստանը այսպիսի կործանված վիճակից անկարող է լինելու ոտքի կանգնել, եթե չունենա Արևմուտքի աջակցությունը. «Հայաստանը ունեցել է Ռուսաստանին 30 տարի որպես իր գաղութատեր, 30 տարի Հայաստանը գնացել է միայն աղքատացման»:

Արևմուտք ասելով էլ իրենք նկատի ունեն մասնավորապես ԱՄՆ-ն և Ֆրանսիան, նշեց Հայկ Մարտիրոսյանը, սակայն Ֆրանսիայի հետ նույն «փաթեթով» գալիս է նաև Գերմանիան: Դրանք ահռելի աջակցության ռեսուրսներ են:

«Արևմուտքին անչափ ձեռնտու է Հայաստանը պահել այս տարածաշրջանում, որովհետև նրանց ձեռք չի տալիս Թուրքիայի և թուրքական աշխարհի ծավալումը. այն դառնում է Արևմուտքի համար անվերահսկելի, որը սպառնալիք է Արևմտյան բոլոր շահերի համար», - ասաց նա:

«Ազգային-ժողովրդավարական Բևեռի» ընտրական ցուցակի ներկայացուցիչ Վահրամ Մարտիրոսյանն էլ Վրաստանի և Արևմուտքի համագործակցության օրինակը բերեց և նշեց, որ Արևմուտքը ներդրումներ էր արել, որպեսզի Վրաստանում զրահամեքենաներ արտադրվեին ու օգնում էր նաև դրանք վաճառելու գործում. «Արևմուտքը չի պահում իրեն որպես ժլատ գործընկեր, միշտ նա պատրատ է կիսվել, օգնել»:

Նոր ընտրվելիք իշխանությունը պետք է կարգ ու կանոն հաստատի, կարծում է Վահրամ Մարտիրոսյանը: Պետք է վերականգնվի պատասխանատվության ինստիտուտը: Հայաստանում ամեն ինչ հնարավոր է, հնարավոր է` ցանկացած մարդ գերի ընկնի և ոչ ոք պատասխանատու չի լինի դրա համար: