Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Մեկնարկել է ընտրակաշառատուների բերքահավաք․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Սյունիքի մարզից գնալով դեպի Վայոց ձոր՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վայքում քաղաքացիների հետ հանդիպմանն ասաց, որ մի քանի կարևոր նորություններ ունի հայտնելու։

Դրանցից մեկը վերաբերում էր ընտրակաշառք բաժանողներին, և ինչպես ներկայացրեց Փաշինյանը՝ «մեկնարկել է ընտրակաշառատուների բերքահավաք» և այս պահին 5 հոգի կալանավորված կա։

«Այսօր նաև լուր տարածվեց, որ Սերժ Սարգսյանի եղբոր որդին դատապարտվել է ազատազրկման։ Երկու օր առաջ լուր տարածվեց, թե Սերժ Սարգսյանի մյուս եղբոր որդին ազատ է արձակվել քրեական պատասխանատվությունից։ Ես սովորաբար մեր դատական համակարգը քննադատում եմ, բայց հիմա ուզում եմ մի քանի խոսք ասել ի պաշտպանություն դատական համակարգի։ Սերժ Սարգսյանի մի եղբոր որդին ազատ է արձակվել, մյուսը՝ դատապարտվել, 5 ընտրակաշառատու կալանք են ստացել։ Ես մտածում եմ, որ մեր դատական համակարգում տեղի են ունենում շատ լուրջ և խորքային-բովանդակային փոփոխություններ», - ասաց Նիկոլ Փաշինյանը։

Այդ փոփոխությունները, նրա խոսքով, չեն բացառում անարդար դատավորների ներկայությունը, սակայն կան նաև անկաշառ դատավորներ։

«Տեղ-տեղ իրավական գնահատականները չեն համընկնում և պետք էլ չի, որ համընկնեն քաղաքական գնահատականների հետ, որովհետև իրավաբանությունը բավականին բարդ և խորը երևույթ է։ Մեր նպատակը դատական համակարգին փակ աչքերով վստահելն է»,-ասաց Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ չպետք է սխալ մեկնաբանել, ինքը չի ասում, որ այն դատավորը, որ Սերժ Սարգսյանի եղբոր որդուն բաց է թողել, նա վատն է, իսկ նա, որ դատապարտել է մյուս եղբոր որդուն, լավն է․ «Ո՛չ, ես կարծում եմ, որ երկուսն էլ հավասարաբար լավն են, որովհետև նրանք առաջնորդվել են ոչ թե ինչ-որ տրամաբանությամբ, այլ վերլուծել են իրենց ձեռքի տակ եղած փաստերն ու հիմնվելով օրենքի վրա՝ կայացրել են որոշում»։