Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Եթե Նիկոլ Փաշինյանի մուրճով որևէ մեկին վնաս հասցվի, ոստիկանությունը կզբաղվի (տեսանյութ)

Նախընտրական քարոզարշավի և ընտրությունների օրվա պատշաճ կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր գործողությունները ՀՀ ոստիկանության կողմից արդեն իրականացված են, ասուլիսում հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Նա նշեց, որ ընտրության և դրան հաջորդող օրը ոստիկանությունում կազմակերպվելու է թեժ գիծ ծառայություն, որը նաև սպասարկելու է օտար լեզվով՝ տեղական և միջազգային դիտորդների հետ անմիջական կապ պահպանելու նպատակով։ Հեռախոսահամարները կտրամադրվեն լրացուցիչ։

Քարոզչական պաստառների վնասման դեպքերը անհանգստացնում էին թե՛ քաղաքական գործիչներին, թե՛ տարբեր ուժերի աջակիցներին և Ֆիդանյանը հայտնեց, որ կա նաև դրական ցուցանիշ և որոշ դեպքեր արդեն բացահայտվել են․ «Առանձնակի ուշադրություն է դարձվում և բավականին ծավալուն աշխատանք է կատարվել նաև ընտրակաշառքների բացահայտման ուղղությամբ»։

Լրագրողը հարցրեց, թե նորմա՞լ է արդյոք, երբ թեկնածուներից մեկին ուղեկցում են տասնյակ ոստիկանական մեքենաներ ու դա քաղաքական այլ շրջանակներ և անհատներ դիտարկում են որպես վարչական ռեսուրսի օգտագործում։ Ֆիդանյանը պատասխանեց, որ ոստիկանությունը կատարում է իր ծառայությունը․ «Յուրաքանչյուր դեպքով նախնական գնահատում է իրականացվում՝ հասարակական անվտանգության ապահովման հետ կապված։ Մենք ստացել ենք նաև այլ ուժերից ևս նման դիմումներ ու պատշաճ կերպով ևս իրականացվել է ուղեկցումը»։

Քարոզարշավին քաղաքական ուժերի կողմից բռնության, վիրավորանքների, սպառնալիքների դեպքեր արձանագրվե՞լ են։ Այս հարցին ի պատասխան Արա Ֆիդանյանը ներկայացրեց, որ ոստիկանություն է ստացվել ընտրակաշառք ստանալու 17 դեպք, նախընտրական քարոզչության մասնակցելուն հարկադրելու կամ խոչընդոտելու 10 դեպք, լրագրողներին խոչընդոտելու 1 դեպք, խուլիգանության, ծեծի, սպառնալիքների 8 դեպք։ Այս թվերը վերաբերում են ընդհանուր քարոզարշավին։

Ոստիկանությունում հրաման կա՞ արդյոք ընտրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ փոխոստիկանապետը պատասխանեց այսպես․

«Ոստիկանությունում այս պահի դրությամբ ու մինչ այս պահը չի կարող լինել որևէ քաղաքական ուղղվածություն, որևէ պարտադրանք, որևէ ուղղորդում։ Ոստիկանությունն ապաքաղաքականացված կառույց , և եթե դուք կմատնանշեք դեպք, որ ոստիկանությունը գործել է կոնկրետ քաղաքական ուժի կամ անձի շահերի համար, խնդրում եմ տեղեկացրեք և մենք այդ հարցով կզբաղվենք»։

Շատերը կասկածի տակ են դնում, որ Հայաստանում 2․5 միլիոն ընտրող քաղաքացի կա, սակայն Ֆիդանյանը նշեց, որ այդ առումով բավականին ծավալուն ստուգումներ են իրականացրել և ընտրողների թվերը ուռճացված չեն․ «Բնակչության թիվը 3 մլն 380 հազար 653 է։ Ընտրելու իրավունք ունի 2 մլն 578 հազար 678-ը»։

Հետընտրական բախումների մասին պարբերաբար հայտարարություններ են հնչում և թե ինչպե՞ս է ոստիկանությունը գործելու, նա նշեց, որ ուսումնասիրություններ կատարվում են և ունեն բոլոր միջոցները՝ բախումները հնարավորինս բացառելու համար։ Հարց հնչեց՝ նոր մարտի 1 կլինի՞, Ֆիդանյանը կտրուկ պատասխանեց՝ ոչ։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը քարոզարշավին մուրճով է մասնակցում, ի՞նչ վերաբերմունք ունի դրա վերաբերյալ ոստիկանությունը, Ֆիդանյանն ասաց, որ ուշադրություն են դարձնում հասարակության անվտանգությանը։

«Մուրճի հարցը ոստիկանության տիրույթից դուրս է և մեր կողմից ենթակա չէ մեկնաբանության։ Մուրճը սառը զենք չի համարվում։ Եթե ոստիկանությունը կտեսնի, որ այդ մուրճով վնաս է հասցվել, մենք կզբաղվենք դրանով»։