Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ես արդար, ուժեղ Հայաստան կկառուցեմ ձեր հետ միասին․ Արզաքանցյան (տեսանյութ)

Նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը թեև արդեն «Հայաստանի դեմոկրատական» կուսակցության նախընտրական ցուցակում չէ, սակայն շարունակում է քարոզարշավները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն ու իրենց բողոքարկումը դատարանի կողմից մերժելը Արզաքանցյանը մեկնաբանում է, որ հակառակորդ ուժերը վախեցել են իր անունից ու ռեյտինգից և ամեն ինչ արել են` իրեն պայքարից դուրս թողնելու համար:

Մատենադարանի մոտից քարոզարշավի շրջանակներում քայլերթից առաջ նա նշեց` ինքը շարունակում է մնալ հայրենասեր ու համախմբված ժողովրդի հետ: Եթե որոշեն վերականգնել իրեն ցուցակներում, ուրեմն նրանք էլ են հայրենասեր, եթե ոչ, Աստված իրենց հետ.

«Եթե մենք մեզնից բան չներկայացնեինք, մեզ ձեռք չէին տա: Սոց հարցումներ են արել, տեսել են, գուգլում էլ կարաք նայեք, որ ինձ հանելու օրը իմ ցուցանիշները` անձամբ Արզաքանցյան Տիգրան՝ ամենաբարձրն է եղել: Իրենք, իրենց քաղաքական գործիքն օգտագործում են դեմոկրատիայի դեմ: Եթե մեր խումբը ընտրվեց, մեր խումբն արդեն իր որոշումը կայացրել է` ես արդար, ուժեղ Հայաստան կկառուցեմ ձեր հետ միասին»:

Կարևորը, նա նշեց, սիրում են հայրենիքն ու չեն ուզում պարտության տանել: Ուզում են հզոր, տնտեսական մեծ աճով երկիր ստեղծեն: Ժողովուրդը պետք է ապահով զգա իրեն Հայաստանի մեջ: 

«Իմ կյանքում ինչ ձեռքբերումներ ունեցել եմ` բանակցությունների մեջ, գործերի մեջ, ճիշտ տնտեսություն վարելու մեջ, իմ հայրենսիրությունը ներ եմ դնելու մեր հայրենիքի համար: Այսօր պետք է բարելավենք բոլոր օրենքները ներդրողների համար, որ ներդումներ կատարեն, տնտեսությունը զարգացնեն, կարողանանք գործ անենք: Մեր ժողովուրդը պետք է խելացի մտածի, արթնանա, որ ասում են` զարթնի՛ր, Լաո՛, մեռնիմ քեզի՝ էդ ա», - ասաց Տիգրան Արզաքանցյանը: 

Տիգրան Արզաքանցյանը, «Դեմոկրատական» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանն ու պատգամավորի մնացած թեկնածուներն ու նրանց համակիրները քայլերթով Մատենադարանից շարժվեցին մինչև Շահումյան հրապարակ: Երթի առջևից ամբողջ ընթացքում նրանց ուղեկցում էր թմբկահարողների խումբը: