Եվրո-2020, 5-րդ օր. պայքարի մեջ են մտնում աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնները
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի Եվրոպայի առաջնության մրցումային 5-րդ օրը պայքարի մեջ կմտնեն աշխարհի և Եվրոպայի գործող չեմպիոնները:
F խմբի առաջին խաղում Հունգարիայի հավաքականը սեփական դաշտում կընդունի նախորդ մրցաշարի հաղթող Պորտուգալիային: Հունգարացիները նախկինում երբեք չեն կարողացել հաղթել պորտուգալացիներին, սակայն Եվրո-2016-ում նրանք գոլառատ ոչ-ոքի են խաղացել ապագա չեմպիոնների հետ` 3:3:
2021 թվականին երկու հավաքականներն էլ նմանատիպ արդյունքներ են գրանցել` 3 հաղթանակ, 2` ոչ-ոքի: Սակայն, Հունգարիայի հավաքականը պարտություն չի կրել նախորդ 11 հանդիպումներում, իսկ Պորտուգալիան` նախորդ 6-ում: Չնայած նման վիճակագրությանը, մասնագետներն այս խաղում բացահայտ ֆավորիտ են համարում Եվրոպայի գործող չեմպիոնին:
Օրվա երկրորդ խաղում միմյանց հետ կհանդիպեն առաջնության երկու ֆավորիտները` Ֆրանսիան ու Գերմանիան: Խաղը կկայանա Մյունխենում:
Թիմերը բավական հաճախակի են հանդիպել վերջին տարիներին: 2014թ աշխարհի առաջնությունում գերմանացիներից կրած նվազագույն պարտությունից հետո ֆրանսիացիները հինգ անգամ հանդիպել են իրենց հարևանների հետ և այլևս չեն զիջել նրանց: Ավելին, աշխարհի գործող չեմպիոնները իրենց վերջին 20 հանդիպուներում տարել են 16 հաղթանակ` կրելով միայն մեկ պարտություն, այն էլ ընկերական խաղում:
Գերմանիայի հավաքականն անցկացրած վերջին 20 խաղերում կրել է 3 պարտություն, այդ թվում Իսպանիայից 0:6 հաշվով: Վեց հանդիպում ավարտվել է ոչ-ոքի: Բումեյքերները թեթևակի առավելություն տալիս են Ֆրանսիայի հավաքականին, չնայած այն խաղում է մրցակցի հարկի տակ:
Նշենք, որ այսօրվա խաղերը կկայանան ժամը 20-ին և 23-ին: