Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ականապատման քարտեզները ստանալով՝ Ադրբեջանը հնարավորություն ունի արագացված միլիտարիզացնել Աղդամի շրջանը․ Շահնազարյան (տեսանյութ)

Միջազգային հայ-ռուսական «Լազարյան ակումբ»-ի չորրորդ նիստի ընթացքում քննարկվում էր հասարակական-քաղաքական իրավիճակը Հայաստանում և Արցախում 2020թ. պատերազմից հետո և Հայաստանի ապագան։

Հայաստանում այսօր ներքաղաքական ճգնաժամ է և նոր իշխանությունները պետք է Հայաստանին տանեն հակաճգնաժամային ճանապարհով, որպեսզի լուծեն հետպատերազմյան խնդիրները։ Այս կարծիքին էին գրեթե բոլոր բանախոսները։

«Արցախի դեմ Ադրբեջանի և Թուրքիայի սկսած պատերազմի հետևանքով հազարավոր երիտասարդներ զոհվեցին, անհայտ կորան և գերեվարվեցին։ Հազարավոր մարդիկ մնացին առանց տուն։ Արցախի տնտեսությանը մեծ վնաս հասցվեց։ Ակնհայտ է, որ այս փորձությանը մենք պետք է դիմադրենք միասնական։ Ռուս-հայկական, ռուս-արցախյան կապը դարերի պատմություն ունի և այն եղբայրական համագործակցության համար հիանալի հնարավորություն է», - ասաց Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը։

Նրա խոսքով՝ չնայած բոլոր դժվարություններին, նա հավատում է մեր ժողովրդի՝ դժվար խնդիրները լուծելու կարողությանը։

ԱԱԾ նախկին պետ Դավիթ Շահնազարյանը բոլորի ուշադրությունը սևեռեց ԱՄՆ-ի մասնակցությամբ և Վրաստանի տարածքով 15 ռազմագերիների՝ Հայաստան վերադառնալու վրա։ Դրա փոխարեն, նա նշեց, որ Հայաստանը տվել է ականապատման կարևոր քարտեզներ։

«Շատ զգայուն հարց է՝ ռազմագերիներ են վերադարձել։ 1990-ականներին վճարում էին գերիների համար, բայց դա միայն փող էր։ Իսկ այս դեպքում, երբ փոխանակվել են քարտեզները, դրվել է երկրի անվտանգության հարցը։ Աղդամի ականապատման քարտեզներն ունենալով՝ Ադրբեջանը հնարավորություն ստացավ արագացված միլիտարիզացնել Աղդամի շրջանը։ Դա հսկայական վտանգ է Արցախի և Հայաստանի համար», - ասաց Շահնազարյանը։

Այն, ինչ Ադրբեջանը պետք է կատարեր նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, Շահնազարյանի խոսքով, այժմ բոլորովին նոր գործարք է։ Ռազմագերիների վերադարձը վերածվում է անհավասար պայմաններով գործարքի․ «Ես կասկածներ ունեմ, որ հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցով միջազգային կառույցների ճնշումը չի նվազի սրանից հետո»։