Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Արտաշատում կնոջ սպանության վերաբերյալ ոստիկանության տեսանյութը (տեսանյութ)

Հունիսի 12-ին «Արտաշատ» բժշկական կենտրոնից Արտաշատի Ղուկասյան փողոց շտապօգնության խումբ մեկնեց։ Փողոցի մի տնից հիվանդանոց տեղափոխվեց 51-ամյա կնոջ դի։ Այդ մասին ահազանգ հնչեց ոստիկանության Արտաշատի բաժին։ Բուժհաստատությունից հայտնեցին, որ կնոջ մարմնին կտրած-ծակած վերքեր կան։ Դեպքի վայր մեկնեցին օպերատիվ-քննչական խմբեր ու փորձաքրեագետներ։ Պարզվեց, որ 51-ամյա կնոջը սպանել են։

Հարուցվեց քրեական գործ։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեցին արնանման հետքեր։ Արտաշատի ոստիկանները հանցագործությունը թարմ հետքերով բացահայտելու և կատարվածի հանգամանքները հնարավորինս արագ պարզելու նպատակով համագործակցեցին ոստիկանության Արարատի մարզային վարչության ծառայողների հետ։ Համատեղ աշխատանքի շնորհիվ հայտնի դարձավ, որ Արտաշատում բնակվող 21-ամյա մի երիտասարդ ժամը 15.00-ի սահմաններում մտել էր տուժողի տուն, դանակով բազմաթիվ հարվածներ հասցրել նրան, ինչի հետևանքով կինը մահացել էր։ Կասկածվողի ինքնությունը ճշտելուց հետո նրան հայտնաբերելու միջոցառումներ սկսվեցին։ Արտաշատի ոստիկանները շուտով պարզեցին, որ երիտասարդը Արտաշատի կամրջի մոտակայքում է։ Օպերատիվ խմբերը շտապեցին կամրջի մոտ, որտեղ էլ նրան հայտնաբերեցին ու, մեքենայով հանդերձ, բերման ենթարկեցին բաժին։

21-ամյա երիտասարդը ոստիկանությունից ներկայացվել է Արարատի մարզային քննչական վարչություն ու ձերբակալվել։ Բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխված մեքենայի սրահում արնանման հետքերով դանակներ են հայտնաբերվել, որոնք, նախնական տվյալներով, հանցագործության գործիքներն են։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են: