Բացել լրահոսը Փակել լրահոսը
Ազատ հայրենիք Անդրիաս 1
A A
Քաղաքականություն

«Ազատ Հայրենիք» դաշինքի քաղխորհուրդը հայտարարություն է տարածել

«Ազատ Հայրենիք» դաշինքի քաղխորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

Եվրոպական կառույցները կոմունիզմն ու ֆաշիզմը համարել են որպես հավասարազոր հանցագործություն մարդկության դեմ: Սովետական լծից ազատագրված արևելաեվրոպական բոլոր ժողովուրդներն ունեն կոմունիզմի զոհերի թանգարաններ. նրանք հիշում են անցյալը, որպեսզի իրենց մոտ դա այլևս երբեք չկրկնվի:

Հայ ժողովուրդը 70 տարի ապրելով սովետական չարիքի կայսրությունում՝ տոկոսային հարաբերությամբ տվել է ամենից շատ զոհերը: Սկսած 1920թ. Հայաստանի բռնի սովետականացման առաջին իսկ օրվանից մինչև չարիքի կայսրության փլուզումը բանտարկվեցին, գնդակահարվեցին, կացնահարվեցին հարյուր հազարավոր հայեր: Միայն 1949թ. հունիսի 14-ի գիշերը Հայաստանից դեպի Սիբիր ու Ալթայ աքսորվեց քսան հազար հայ, որոնց զգալի մասը ոչնչացվեց ճանապարհին:

7 ամիս առաջ մեր Հայրենիքը հերթական անգամ անդամահատվեց, հերթական անգամ տասնյակ հազարավոր մեր ազգակիցները դարձան անտուն ու գաղթական, հերթական անգամ մեր կոմունիստածին քաղաքական վերնախավի պատճառով թշնամին սողում է մեր երկրից ներս, հերթական անգամ լրջորեն վտանգված է մեր պետականությունը: Եվ այս ողբերգության հիմնապատճառներից է մեր ազգային հիշողության խամրած լինելը, դարձյալ հայացքը նույն Կրեմլին հառած լինելը:

Այս տարի ևս կոչ ենք անում իրենց մտավորական համարող, Հայաստանի լինելության համար պատասխանատու համարող իշխանավորներին՝ հունիսի 14-ին, ժամը 11-ից միանալ մեզ Բռնադատվածների հուշարձանի մոտ՝ հավաքական հիշողության տուրք մատուցելու Սարդարապատի բռնադատվածներից մինչև անգերեզման Չարենցի ու տասնյակ հազարավորների, սովետական համակենտրոնացման ճամբարներում ու գաղութներում անհետ կորած հայորդիների  հիշատակին: Բացառված չէ, որ պետականության այս թավալգլոր անկման պատճառով, սա վերջին անգամը լինի, երբ կարող եք սեփական երկրում հիշողության առկայության ապացուցմամբ պոկվել հոմո-սովետիկուսի մանկուրտությունից ու դրանով արդրարացնել պետություն ունենալու և մարդ կոչվելու իրավունքը: