Ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուբեն Խլղաթյանը՝ ընտրակաշառք բաժանելու կասկածանքով (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու, Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման գործում մի շարք խախտումներ կան, որոնց մասին պաշտպանները ներկայացրել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։ Այս մասին ասուլիսում հայտնեց փաստաբան Գայանե Պապոյանը։
Խախտումներից մեկն այն էր, որ փաստացի արգելանքի է վերցվել հունիսի 10-ին ժամը 17։30-ին, սակայն արձանագրվել է 18։30-ին։ Բացի այդ, նրա խոսքով, փորձել են խոչընդոտել փաստաբանների մուտքը և յուրաքանչյուրից 40-50 րոպե է պահանջվել բարձրանալու ու տեսնելու Ռուբեն Խլղաթյանին։
«Մեկնաբանում էին, որ պետի ցուցումով ունեն հրահանգ՝ որևէ փաստաբանի թույլ չտալ, որ բարձրանա վերև։ Միայն ՄԻՊ գրասենյակի միջոցով 40-50 րոպե անց կարողացել ենք հանդիպել պարոն Խլղաթյանին։ Ինչ վերաբերում է իրավական մասին, այստեղ, կարծում եմ, իրավաբանության հետ աղերս չունեցող գործընթաց է։ Վարույթ իրականացնող մարմինն ակնհայտորեն ուղղորդված է գործում», - ասաց փաստաբանը։
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանը հավելեց, որ սա առաջին դեպքը չէ, երբ խոչընդոտում են Ռուբեն Խլղաթյանի աշխատանքը։ Մի քանի օր առաջ կրկին փորձ էին արել նրա «գլխին սարքել» քրեական գործ, որը չի ստացվել։
«Այս քաղաքական հետապնդումները «Պատիվ ունեմ» դաշինքի շուրջ սկսվել են արդեն 5-6 օր է։ Այն պահից, երբ կապիտուլյանտը տեսնում է, որ դաշինքի հեղինակությունն էապես աճում է, սկսում է քաղաքական հետապնդումը», - ասաց Բաբայանը։
Գայանե Պապոյանը նշեց, որ արդեն երեք տարի է՝ քաղաքական գործերով պաշտպանություն է իրականացնում և որևէ գործով մինչ օրս իրավաբանության հետ աղերս չեն տեսել, բոլորը քաղաքական հետապնդման հետևանքներ են․ «Եվ այս ակնհայտ խախտումը կարող է կապված լինել այն հանգամանքի հետ, որ գուցե այն մարմինը, որ իրավասու էր քննելու այդ հոդվածով գործը, գուցե չի համաձայնել ակնհայտ ապօրինի գործը քննել»։
Ինչպես հայտնել են Արմավիրի մարզի առաջին ատյանի իրավասության դատարանից՝ պաշտպանների բողոքը մակագրվել է դատավոր Արթուր Ադամյանին, սակայն այժմ որևէ տեղեկություն չունեն նիստի ժամի հետ կապված։
«Պարոն Խլղաթյանն ունի մի շարք հիվանդություններ, որի մասին մենք ևս վարույթ իրականացնող մարմին ներկայացրել ենք։ Պարոն Խլղաթյանն այս պահին գտնվում է Էջմիածնի ՁՊՎ-ում։ Մյուս պաշտպանը Արսեն Սարդարյանն է, տեղյակ եմ, որ կարծես հանդիպում է ունեցել նրա հետ», - ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածու, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել էր հունիսի 10-ին և ըստ Գլխավոր դատախազության, Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է Ջանֆիդա գյուղում՝ տեղացիներից մեկի՝ Գ.Պ.-ի տանը 9 միլիոն դրամ փոխանցելու պահին։ Գումարը նախատեսված է եղել Ջանֆիդա գյուղի բնակիչներին ընտրակաշառք բաժանելու համար։ Ոստիկանության աշխատակիցներին տեսնելուն պես նրանք դուրս՝ տան բակ են նետել իրենց ձեռքի՝ պոլիէթիլենային տոպրակով գումարը։