Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ինչ մակարդակի է հասել քարոզարշավը՝ իրար ոտք ջարդել են խոստանում․ ԼՀԿ-ի քարոզարշավն Աջափնյակում (տեսանյութ)

Նախընտրական քարոզարշավի երրորդ օրը «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մեկնարկեց Աջափնյակ վարչական շրջանում։ Ինչպես հայտնեց ԼՀԿ պատգամավորի թեկնածու Գևորգ Գորգիսյանը՝ սկսելու են Թումանյանի անվան այգու մոտից ու անցնելու են բոլոր բակերով։

Կուսակցության ծրագրում նշված է՝ ընդլայնել խորհրդարանի և նախագահի լիազորությունները, Գևորգ Գորգիսյանը պարզաբանեց, որ այսօր Հայաստանում գործում է սուպերվարչապետական համակարգ, որտեղ վարչապետը գրեթե բացարձակ իշխանություն ունի։ Իրենց նպատակն է վարչապետի լիազորությունների մի մասը վերցնել ու դրանք բաժանել նախագահի ու Ազգային ժողովի միջև՝ դա կբերի ավելի բալանսավորված համակարգի։

«Որևէ լուրջ խնդիր հնարավոր չի լինի լուծել, եթե շարունակենք լինել այսպես պառակտված։ Մենք տեսնում ենք, թե ինչ մակարդակի է հասել արդեն քարոզարշավը։ Իրար ոտք ջարդել են խոստանում, ծեծել են խոստանում, իրար անպատվում են, հայհոյում են։ Առաջին հերթին սա պետք է վերացնենք», - ասաց Գևորգ Գորգիսյանը։

ԼՀԿ պատգամավորի թեկնածու Անի Սամսոնյանը հավելեց, որ այսօր առաջնային խնդիրը անվտանգության հարցն է և պետական սահմանի պաշտպանությունը, իրենց ծրագրերով, պետք է իրականացնեն ոչ թե ժամկետային, այլ պայմանագրային և պրոֆեսիոնալ զինծառայողները․ «Ամբողջ սահմանը պետք է կահավորվի հատուկ ինժեներատեխնիկական, ժամանակակից սարքավորումներով, որ այն հարցը չբարձրանա, թե արդյո՞ք Հայաստանն ունի այդքան ռեսուրս, այդքան զինվոր, որ կարողանա պատերազմից հետո նոր ձևավորված սահմանը պաշտպանել։ Մենք ապրում ենք 21-րդ դարում, և այլևս կարելի է նվազեցնել մարդու գործոնը»։

ԼՀԿ-ն սկսեց իր քարոզարշավն ու անցավ բակերով՝ խոսելով մարդկանց հետ ու բաժանելով բուկլետները։ ԼՀԿ վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանն էլ, ինչպես արդեն տեղեկացրել էր, այսօր կլինի Կոտայքի մարզում և Վանաձորում։