Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ոչ ոք, եթե գերության մեջ չի եղել, չի կարող ասել՝ գերին ինչպես է զգում իրեն այնտեղ․ գերությունից վերադարձած՝ ՀԱԿ թեկնածու (տեսանյութ)

«Հայ ազգային կոնգրեսի» փոխնախագահներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը և 44-օրյա պատերազմի մասնակից, գերությունից վերադարձած ու ՀԱԿ-ի պատգամավորի թեկնածու Պերճ Ավետիսյանը հանդիպեցին արցախյան պատերազմի մասնակիցների հետ։

Լևոն Զուրաբյանը նշեց, որ որոշեցին հանդիպում կազմակերպել նախընտրական շրջանում հենց պատերազմի մասնակիցների հետ, որովհետև ընտրությունը հատուկ գործողություն է պետականության փրկության ուղղությամբ և այն հետևանքն է նաև պատերազմի. «Որևէ հասարակության մեջ ոչինչ ավելի թանկ չէ, քան մարդու պատրաստակամությունը՝ զոհաբերել սեփական կյանքը հանուն իր ժողովրդի, իր երկրի ու տան պաշտպանության»։

Նրա կարծիքով՝ պետությունը չպետք է լինի այնպիսին, ինչպիսին հիմա է և հատկապես հենց զինվորականների հանդեպ վերաբերմունքը. «Այսօր ևս մեկ գերի ունենք և տպավորություն է, որ մեր պետությունը հայտնվել է անօգնականության ճահճի մեջ։ Մեր պետության թուլացումը բացառապես պատերազմի հետևանքը չէ»։

Լևոն Զուրաբյանն ասաց՝ չի կարող պետությունը ռազմական ջանքի կազմակերպումը դնել սովորական մարդկանց ուսերին, մինչդեռ այս պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կոչով դիմում էր մարդկանց ու ասում, որ իրենց նախաձեռնությամբ ջոկատներ կազմեն ու մեկնեն առաջնագիծ։

Ըստ Զուրաբյանի՝  դա ոչ պետական մտածողության հետևանք էր։

«Մեր ժողովուրդը կռվեց փայլուն, իսկապես դուխով, կռվեց ամենաբարձր ոգևորությամբ, բայց ոչ մի ժողովուրդ չի կարող հասնել հաջողության, որքան էլ խիզախ, համարձակ լինի, եթե չկա պետություն, որ կանգնած է իր մեջքին», - ասաց ՀԱԿ փոխնախագահը։

Լևոն Տեր-Պետրոսյանը, նրա խոսքով, ամենամեծ ազգայնականն է։ Կա պատմական իրողություն, որ վերջին անգամ հայոց տարածքները մեծացել են 1204թ. Կիլիկիայում։ Դրանից հետո ամբողջ պատմության մեջ Հայաստանը միայն կորցրել է ու 800 տարի հետո նորից հայերը կարողացել հաղթանակներ տանել ու ընդարձակվել հենց Տեր-Պետրոսյանի օրոք։

Լևոն Զուրաբյանը ներկայացրեց Պերճ Ավետիսյանին, որ երկու ամիս գերության մեջ լինելուց ու ծանր օրեր ապրելուց հետո վերադարձել,  պայքարի նոր ուժով միացել է իրենց։

«Երբ վարչապետն ասում է՝ ոչինչ, թող երկու ամիս գերիները համբերեն, հետո կգան, մեզ կներեն։ Ես կասեմ՝ ոչ ոք, եթե գերության մեջ չի եղել, չի կարող ասել՝ գերին ինչպես է զգում իրեն այնտեղ, արդյոք վերադառնալուն պես իրեն կներեն։ Երբ մարդ գերության մեջ է լինում,  մի պահ է գալիս, որ նա ցանկանում է առավոտյան չարթնանալ, որ չնկատի այդ դժվարությունները», - ասաց Պերճ Ավետիսյանը։

Արամ Մանուկյանն ասաց, որ այս հանդիպման ընթացքում կարևոր է խնդիրների բարձրաձայնումը, որոնք իրենք խորհրդարան անցնելուց հետո կփորձեն ուղղել։ Պատերազմի մասնակից Մարտին Միսակյանը շեշտեց, որ զինկոմիսարիատների աշխատանքն այդ օրերին համակարգված չէր, զինվորներն ու կամավորները չգիտեին՝ ուր են տանում իրենց, ուր են գնում։

«Պատերազմի ընթացքում մարտի դաշտ են զանգել, մարդուն ասել են՝ վաղը կներկայանաս զինկոմիսարիատ, երբ այդ մարդն արդեն 20 օր է՝ խրամատ էր փորում» , - ասաց նա։