Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+chess
A A
Սպորտ

Ջերմուկի շախմատի միջազգային հուշամրցաշարում կրկին երկիշխանություն է

Ջերմուկում ընթացող շախմատի Ստեփան Ավագյանի հուշամրցաշարում կայացել են 3-րդ տուրի պարտիաները:

Մրցաշարի առաջատար Դավիթ Պարավյանը, որը մեկնարկում տարել էր երկու հաղթանակ,  ոչ-ոքի է խաղացել Մանուէլ Պետրոյանի հետ և կորցրել է առաջին կես միավորը: Ռուսաստանցի գրոսմայստերի սայթաքումից անմիջապես օգտվել է մեր շախմատիստ Շանթ Սարգսյանը, որը հաղթելով Հայաստանի չեմպիոն Հովհաննես Գաբուզյանին, վաստակած միավորներով հավասարվել է առաջատարին:

Հուշամրցաշարում առաջին հաղթանակն է տարել ամերիկահայ գրոսմայստեր Սամուել Սևյանը, որը ընթացիկ տուրում պարտության է մատնել հուշամրցաշարի միակ միջազգային վարպետ Մամիկոն Ղարիբյանին: Նա այժմ 1,5 միավորով բաժանում է 4-6-րդ տեղերը: Իսկ ահա մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում գտնվում է Տիգրան Հարությունյանը, որն առաջին տուրում տարած հաղթանակից հետո երկու ոչ-ոքի է արել և այժմ ունի 2 միավոր:

Այսօր տեղի կունենան 4-րդ տուրի հանդիպումները: Կենտրանական պարտիայում Շանթ Սարգսյանը սպիտակներով կմրցի Սամուել Սևյանի հետ: Դավիթ Պարավյանը սևերով կհանդիպի Հայկ Մարտիրոսյանի հետ: 

Հիշեցնենք, որ հուշարցաշարն անցկացվում է շրջանային մրցակարգով՝ 10 մասնակիցներով, 9 խաղափուլով: Այն ՖԻԴԵ-ի 15-րդ կարգի միջազգային մրցաշար է: Վերջին տուրը տեղի կունենա հունիսի 13-ին: