Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Փաշինյանի բանավեճի հրավերը մերժեցի՝ խղճահարությունից ելնելով․ Լևոն Տեր-Պետրոսյան (տեսանյութ)

«Հայ Ազգային Կոնգրեսի» նախընտրական քարոզարշավի մեկնարկին կուսակցության վարչապետի թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ողջունեց ցուցակում ընդգրկված թեկնածուներին ու նշեց, որ նրանց զգալի մասին անձամբ չի էլ ճանաչում՝ գիտի միայն հրապարակումներից, ելույթներից․ «Ցուցակը կազմել է վարչությունը և վստահ եմ, որ այս պահին դուք կազմել եք լավագույն ցուցակը»։

Նա նշեց, որ սրանք սովորական ընտրություններ չեն, քանի որ Հայաստանում շատ պայթյունավտանգ իրավիճակ է․ «Իմ կանխազգացմամբ՝ այս ընտրությունները լինելու են Հայաստանի պատմության ամենախայտառակ, ամենավտանգավոր ընտրությունները»։

Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ կա երկու բևեռոր, որ հավակնում է ամեն գնով հասնել իշխանության և «ամեն գնով» բառը հենց այնպես չի ասվում։ Նախագահն ասաց, որ այս երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների, երկու կողմն էլ դիմելու է ցանկացած քայլի։

«Այսպիսի դաժան պարտությունից հետո, երբ սովորական, նորմալ ազգերը սթափության պահ են ապրում՝ հասկանալով պահի լրջությունը,  հակառակը, մենք այդ պահն օգտագործում ենք երկրի վիճակն ավելի խորը փոսը նետելու համար», - ասաց նա։

Լևոն Տեր-Պետրոսյանը հորդորեց որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատալ՝ ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի, քանի որ տեսել ենք, թե ինչ է արժեցել նրանց ազնիվ խոսքը ժողովրդի վրա․ «Աստվածաշնչի վրա կերդվեն, Ղուրանի վրա կերդվեն, մեկ է։ Եթե որևէ մեկը հավատում է նրանց որևէ խոսքի, ես կարող եմ կասկածել այդ մարդու խելքի վրա»։

Նա անդրադարձավ նաև իր և Ռոբերտ Քոչարյանի՝ Նիկոլ Փաշինյանի բանավեճի հրավերը մերժելուն և նշեց, որ Քոչարյանն իր ոճով կամ իր էությամբ շատ հոյակապ պատասխան տվեց և ասաց՝ ինքը Փաշինյանին ոչ թե բանավեճի, այլ մենամարտի է հրավիրում․ «Ի դեպ, ցանկացած զինատեսակով՝ պարսատիկից մինչև ատոմային ռումբ։ Ես մերժեցի Փաշինյանին ուղղակի խղճահարությունից ելնելով, որովհետև այդ բանավեճը կարող էր նրա համար ինքնասպանություն լինել։ Այդ ես չեմ ասում, ինքն է ասել 2009թ․, որ առաջին նախագահը շատ վատ խասյաթ ունի՝ ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»։