Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Նպատակ ունեն վերականգնել անվտանգությունը, հասնել Արցախի ճանաչմանը․ «Ազատ Հայրենիք»-ի քարոզարշավը (տեսանյութ)

«Ազատ Հայրենիք» դաշինքը քարոզարշավը մեկնարկեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից։ Կուսակցության պատգամավորի թեկնածու Պարույր Հայրիկյանը նշեց, որ դաշինք են կազմել, որպեսզի այս կասկածելի ընտրական օրենսգրքով, կասկածելի Սահմանադրության պայմաններում իրականացվող ընտրությունը դարձնեն միջոցառում, որը կարող է օգտակար լինել ժողովրդի համար։

«Փորձում են տպավորություն ստեղծել, որ այլընտրանք չկա, բայց մեր դաշինքի ստեղծումը եկավ մարդկանց համոզելու, որ Հայաստանի քաղաքացիներ, դուք ունեք պահպանողական տրամադրությունների տեր մարդկանց ներկայացնող դաշինք, ունեք քաղաքակրթական դիրքորոշում ունեցող կուսակցությունների դաշինք, ունեք հայ ժողովրդի պատմության մեջ լրջագույն դերակատարություն ունեցող կուսակցություն այս դաշինքում և այս ամենը ձերն է», - ասաց Պարույր Հայրիկյանը։

Դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն էլ ասաց, որ իրենք նպատակ ունեն վերականգնել անվտանգությունը, կառուցել անկախ արտաքին քաղաքականություն, հասնել Արցախի հանրապետության ճանաչմանն ու ապահովել կայուն զարգացում։

Ելույթներից հետո դաշինքի համակիրներն ու պատգամավորական թեկնածուները ծաղիկներ խոնարհեցին Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Եղեռնի զոհերի հիշատակին և այդտեղից շարունակեցին քարոզարշավը։

Հիշեցնենք, որ «Ազատ Հայրենիք» դաշինքում են «Հայ Կառուցողական կուսակցությունը», «Հայաստանի Պահպանողական կուսակցությունը», «Ազգային Ինքնորոշում միավորումը», «Ազգային Ժողովրդավարների դաշինքը», «Հայաստանի Կանաչների կուսակցությունը»։