«Զարթոնք»-ը խոստացավ այս օրվա խորհուրդը ապագայում դհոլ զուռնայով նշել Շուշիում (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը իր նախընտրական քարոզչությունը սկսեց Սուրբ Աննա եկեղեցուց։ Այսօր առավոտյան պատգամավորի թեկնածուները եկեղեցում աղոթքով մեկնարկեցին իրենց քարոզչությունը Երևանում։
Եկեղեցու բակում պատգամավորի թեկնածու Վահագն Չախալյանը դիմեց կուսակիցներին և նշեց, որ եթե իրավիճակն այլ լիներ, քարոզարշավը դհոլ զուռնայով կսկսեին, սակայն հասկանալի պատճառներով այժմ ոչ ոք դհոլ զուռնայով սկսելու սիրտ չունի․ «Բայց երբ Աստծո կամքով կլինի հաջողություն, կկարողանանք հզոր Հայաստան կառուցել, մենք դհոլ ռուռնայով այս օրվա խորհուրդը Շուշիում կնշենք։ Եկեք խոստանանք, որ ամեն ինչ անելու ենք, որ այդ օրը շուտ գա»։
Վարչապետի թեկնածու Արա Զոհրաբյանն էլ ասաց, որ իրենք փորձում են մեր ազգային արժեհամակարգի պաշտպանի և հասարակության մեջ այն արթնացնողի դերը ստանձնել։
Քայլելով Երևանի կենտրոնում՝ կուսակցությունը մարդկանց բուկլետներ էր բաժանում ու ծանոթացնում, տեղեկացնում իրենց կուսակցության մասին։ Որոշ դեպքերում կանգնում ու ավելի մանրամասն զրուցում էին քաղաքացիների հետ։
«Այստեղ կտեսնեք դեմքեր, որ տարիներ շարունակ պայքարել են, որ «Ստամբուլյան կոնվենցիան» չվավերացվի, որ միասեռական, լեսբիների ամուսնությունները Հայաստանում չօրինականացվեն։ Նախկինները ստորագրեցին այդ կոնվենցիան, ներկաները փորձում էին այն վավերացնել, մենք պայքարել ենք դրա դեմ և այսօր եթե այն վավերացված չէ, այս մարդկանց շնորհիվ է», - ասաց Վահագն Չախալյանը։
Նրա խոսքով՝ իրենք ամեն ինչ անում են օրենքին համապատասխան և նոր են միայն դուրս եկել քարոզարշավի, չնայած որ իշխող ուժն ու մի քանի ուժեր արդեն ամսից ավելի տարբեր անուններով, բայց քարոզարշավ էին անում։ Եթե հավասար պայմաններ լինեն, իրենք վստահ են, որ շատ լուրջ արդյունքների կհասնեն։