Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+kaparos
A A
Սպորտ

Տղաները այնքան հայրենասեր են, որ եկել են և պատրաստ են դաշտ դուրս գալ. Խոակին Կապառոս (տեսանյութ)

Ֆուտբոլի Շվեդիա - Հայաստան ընկերական հանդիպմանն ընդառաջ Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ու պաշտպան Կամո Հովհաննիսյանն այսօր նախախաղային մամուլի ասուլիս տվեցին Սոլնայի «Ֆրենդս Արենա» մարզադաշտի մամուլի սրահում:

Կամո Հովհաննիսյանն ասաց, որ ինքը մամուլից է տեղեկացել այն մասին, որ իրենով հետաքրքված են եվրոպական թոփ առաջնությունների ակումբները: 

- Բնականաբար, ոչ մի նորություն, ոչ մի նոր բան չեմ կարող ասել, - պարզաբանել է նա: 

 

- Դուք, որպես փորձառու ֆուտբոլիստ և հավաքականի ավագներից մեկը, ինչպե՞ս եք գնահատում մեր նորեկների ելույթները Խորվաթիայի դեմ խաղում:

- Շատ լավ, որովհետև միանգամից երևաց թարմություն, հատկապես երկրորդ խաղակեսում, երբ փոփոխություններ կատարվեցին, թիմը նոր շունչ առավ, առաջին խաղակեսում մեծ ծավալի աշխատանք կատարելուց հետո: Մնացած առումներով կոլեկտիվը շատ լավն է, միմյանց աջակցում են, իսկ կատարած աշխատանքի մասին ավելի ստույգ կարող է պատասխանել մարզիչը:

 

Հարցեր Խոակին Կապառոսին

 

- Խորվաթիայի հավաքականի հետ հանդիպումը, չնայած որ ընկերական էր, բավականին լարված ստացվեց և ֆուտբոլիստները մեծ ջանքեր գործադրեցին: Արդյո՞ք թիմը հասցրել է վերականգնվել Շվեդիայի հավաքականի դեմ հանդիպումից առաջ:

- Այո, թիմը վերականգնվել է և այս խաղին դաշտ դուրս կգան նաև այն տղաները, որոնք Խորվաթիայի դեմ չեն խաղացել: Մեր նպատակն ի սկզբանե այն էր, որ նոր ֆուտբոլիստների տեսնենք ուժեղ թիմերի դեմ խաղերում: Կան տղաներ, որոնք գտնվում էին արձակուրդում և 10-15 օր չեն մարզվել, բայց այնքան են սիրում հավաքականը, այնքան հայրենասեր են, որ եկել են և պատրաստ են դաշտ դուրս գալ, այնպես որ մենք ցանկանում ենք բոլորին խաղալու հնարավորություն տալ:

 

- Դատելով լուսանկարներից և տեսանյութերից հավաքականի ճամբար են ժամանել հավաքականի առաջատար նախկին ֆուտբոլիստներ Լևոն Պաչաջյանը և Յուրա Մովսիսյանը: Արդյո՞ք մարզիչը հասցրել է ծանոթանալ նրանց հետ և որքանո՞վ է այդ աջակցությունն օգնում հավաքականին:

- Իհարկե մենք ճանաչում ենք այդ տղաներին և հրավիրել ենք թիմ, որովհետև նրանք կարող են օգտակար լինել մեր տղաներին իրենց կողքը լինելով: Ֆուտբոլիստների մասին կարող եմ ասել, որ այն խաղացողները, որոնք դաշտ դուրս կգան, իրենց լավագույնս կդրսևորեն և շատ օգտակար կլինեն թիմին:

 

- Վարազդատ Հարոյանը, չնայած վնասվածքի, հրավիրվել է հավաքական, սակայն չի մասնակցել Խորվաթիայի դեմ հանդիպմանը: Արդյո՞ք նա պատրաստ կլինի վաղվա հանդիպմանը թե այդպես էլ չկարողացավ ապաքինվել վնասվածքից:

 

- Պետք է բարձր գնահատել Վարազդատի նվիրվածությունը: Իր թիմի վերջին խաղում նա վնասվածք ստացավ, սակայն միացավ թիմին և տղաների հետ ժամանեց այստեղ: Բնականաբար, այժմ նա ավելի լավ վիճակում է, քան այն օրերին, երբ միացավ թիմին: Մենք չենք շտապելու, վաղը դեռ կտեսնենք արդյոք նա կկարողա դաշտ դուրս գալ, բայց, ի սկզբանե, նա դժվար թե կարողանա մասնակցել այս խաղին: