«Խորհրդային Հայաստանի պատմությունը դեռևս ամբողջությամբ ուսումնասիրված չէ»
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել հանրապետական գիտաժողով՝ խորհրդային Հայաստանի մասին։
Մանկավարժական համալսարանում կայացավ «Հայաստանը 1945-1965 թթ.» խորագրով հանրապետական գիտաժողովը: Մասնակցում էին տարբեր բուհերի, գիտակրթական հաստատությունների ներկայացուցիչներ, որոնց կարծիքով` նշված ժամանակահատվածն այդքան էլ ուսումնասիրված չէ: Նրանք իրենց զեկույցներում անդրադարձան Հայրենական պատերազմի ավարտից հետո ԽՍՀՄ տարածքում տարբեր ոլորտներում սկիզբ առած վերականգնման աշխատանքներին, փոփոխություններին` քաղաքականությունից մինչև տնտեսություն, մշակույթից մինչև հայրենադարձություն և այլն:
ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը նկատեց, որ 1960-ականները ազգային գիտակցության զարթոնքի ժամանակաշրջանն էր ամենատարբեր ուղղություններով։ նա խոսեց 1950-ական թվականների երկրորդ կեսին Հայաստանում մշակութային կյանքի զարգացման միտումների մասին և ընդգծեց, որ այդ շրջանում արվեստի ու գրականության գործիչների մեծամասնությունը համակված էր ազգային մշակույթն ազատ տեսնելու, անկաշկանդ և փոխկապակցված զարգացնելու, ժողովրդական լայն զանգվածներին մատչելի դարձնելու ցանկությամբ. «Մշակութային անկումն ուղիղ համեմատական է ազգի և հայրենիքի քաղաքական ապագայի մթագնմանը»: Նա այն կարծիքին է, որ խորհրդային մշակույթի զարգացման խրուշչովյան թեզերը շատ քիչ էին տարբերվում ստալինյան թեզերից և մատնանշում էին հիմնականում խորհրդային կյանքն ու սոցիալիստական շինարարությունը գովերգելու կամ ներկայացնելու անհրաժեշտությունը: Բացի այդ, մշակութային գերատեսչությունների ղեկավարները կրկնում էին նույն հանգերգը, բայց նրբորեն դրվատվում էր ազգային ակունքներից չհեռանալու գաղափարը և մշակույթի գրեթե բոլոր ոլորտների ներկայացուցիչները, ոգևորված «խրուշչովյան դեմոկրատիայով», փորձում էին արվեստ բերել ազատ մտածողությունն ու թոթափել կաղապարված մոտեցումները:
ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն էլ նկատում է` Խորհրդային Հայաստանի պատմության շատ խնդիրներ դեռ ուսումնասիրված չեն:
Նա թվարկում է պետականության ատրիբուտները և նշում, որ ունեցել ենք պետություն և պարտավոր ենք ուսումնասիրել Խորհրդային Հայաստանի պատմությունը`անկախ իրավաքաղաքական կարգավիճակից, այդտեղ ծնվեց ու դաստիարակվեց մի ամբողջ սերունդ, որը հաղթեց Արցախյան առաջին պատերազմում:
ՀՊՄՀ թանգարանագիտության, գրադարանագիտության և մատենագիտության ամբիոնի վարիչ Ամատունի Վիրաբյանն անդրադարձավ 1948-1953 թվականներին Հայաստանից ադրբեջանցիների վերաբնակեցման հիմնախնդրին, որի վերաբերյալ մինչև 1988 թվականը պատմական գրականության մեջ որևէ խոսք չկա: Նա ներկայացրեց այն փաստաթղթերն ու նամակները, որոնցով փաստվում էր ադրբեջանական բնակչության վերաբնակեցման մասին մի շարք մանրամասներ։
«Ամեն դար իր զենիթային ժամն ունի. 20-րդ դարի այդ ժամանակը 60-ականներն էին: Եվ դա միայն հայաստանյան պրոցես չէր և միայն Խորհրդային Միությունում չէր, որ կատարվում էր. Երկրորդ համաշխարհային պատերազմի ցնցակաթվածից հետո այդ թվականներն իրենց նոր շնչառությամբ, մշակութային գիտակցությամբ, նոր հայացքով դրսևորվեցին գրեթե բոլոր եվրոպական երկրներում»,-նշեց Հայկական ազգային կինոակադեմիայի նախագահ, պրոֆեսոր Դավիթ Մուրադյանն ու անդրադարձավ հատկապես այդ շրջանի կինոյին` որպես նոր ինքնության գիտակցություն, խորհրդանշական գոյություն:
«Բարև, ես եմ» և «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմերը, որ նկարահանվել են ընդամենը երկու տարվա տարբերությամբ, պրոֆեսոր Մուրադյանը համարում է խիստ խորհրդանշական` հայ մարդը մեջտեղ է բերում «ես»-ը`որպես իր լինելիության մի նոր հայտնաբերում. սա ստալինյան վանդակից դուրս եկած սերնդի գիտակցությունն էր. «Այս երկու ֆիլմերը, որոնցում միաձուլվում են ես-ն ու մենք-ը, անհատն ու ժողովուրդը, դարձան ժամանակ, մթնոլորտ ու գիտակցություն թելադրող գեղարվեստական երևույթներ»:
ՀՊՄՀ Վ. Պարտիզունու անվան հայ նոր և նորագույն գրականության և նրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սուրեն Դանիելյանն էլ իր զեկույցում անդրադարձավ նշված ժամանակաշրջանի ազգային կեցության գրամշակութային կերպերին` նշելով. «Ճակատագիրը երբեք այսքան հայելանման չի եղել: Պատմության մեջ դժվար է հիշել, որ հայությունը ազգային կեցության երկարատև, խաղաղ, հանդարտ ժամանակներ ունեցած լինի. Ժողովրդի հավաքական կյանքում փոթորկոտ ու անհանգիստ շրջանները հետապնդել են ու հաջորդել են միմյանց: Հարաբերական անդորրը, որ տրվել է նրան, միայն ուժերի նոր կուտակման, վերադարձի և վաղվա գոյաբանական մարտնչումների նետվելու պատրաստ լինելու համար է իջել, ինչի համար նրա օրը երազային, ռոմանտիկ սպասումներով է հատկանշվել»:
«Հայաստանը 1945-1965 թթ.» խորագրով գիտաժողովը շարունակվեց նաև երկու զուգահեռ մասնախմբերում: Զեկուցողներն անդրադարձան այդ շրջանում հայ հոգեբանական, փիլիսոփայական մտքի, կրթական համակարգի, հայ կերպարվեստ զարգացմանը և այլն: