Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Սահմանային խնդրի լուծման վերաբերյալ Ռուսաստանի հետ կա փոխըմբռնում․ Արսեն Թորոսյան (տեսանյութ)

Ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի սուվերեն տարածքն ու դրա համար բանակցությունները շարունակվում են՝ ճեպազրույցում ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով՝ դա տեղի է ունենալու մեր ռազմավարական գործընկերների հետ համագործակցության և մեր Զինված ուժերի աշխատանքի արդյունքում։

Ռուսաստանի հետ լուծման վերաբերյալ կա փոխըմբռնում ու նրանք գործադրում են բոլոր ջանքերը, որ դա տեղի ունենա առանց որևէ կրակոցի, որովհետև լայնամասշտաբ պատերազմ ոչ ոքի պետք չէ տարածաշրջանում, հատկապես՝ Հայաստանին։

«Ներքաղաքական պրոցեսները որևէ կերպ չեն անդրադառնում պետական գերատեսչությունների աշխատանքի ինտենսիվության վրա»,-վստահեցրեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Դեմարկացիայի և դելիմիտացիայի մասին հարցին նա պատասխանեց, որ երկրների միջև այդ աշխատանքները տարիներով են տևում, ինչպես Հայաստանի ու Վրաստանի պարագայում․ «Հետևաբար սպասել արագ ինչ-որ իրավական լուծումների երկրների միջև, սահմանների հետ կապված, պետք չէ»։

Սահմանների ճշգրտումն էլ, նրա խոսքով, կապված չէ ադրբեջանական զորքերի արագ հետքաշման պահանջի հետ։

Ի՞նչ արձագանքներ կան Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի սահմաններին միջազգային խաղաղապահներ տեղակայելու հայտարարությանը, Թորոսյանը պատասխանեց․ «Ռուսաստանի Դաշնության կողմից գործողություններ արվում էին մինչ այդ առաջարկը և շարունակվում են։ Մեր հիմնական գործընկեր լինելով՝ ՌԴ-ն շարունակում է իր այդ առաքելությունն իրականացնել ավելի ինտենսիվ կերպով»։

Հարց հնչեց նաև Զանգեզուրի միջանցքի և դրա շուրջ հավանական բանակցությունների վերաբերյալ, Թորոսյանն արձագանքեց, որ կարիք չկա 101-րդ անգամ տալ նույն թեմայի շուրջ հարց, որի մասին արդեն 100 անգամ մեկնաբանություն տրվել է․ «Զանգեզուրի կամ որևէ այլ միջանցքի մասին երբևէ որևէ մակարդակով ՀՀ պաշտոնյաները քննարկումներ չեն արել, չեն արվելու, դա որևէ փաստաթղթում նշված չէ և չի նշվելու»։

ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ Միքայել Համբարձումյանը, լրագրողի խոսքով, հայտարարություն էր արել, որ պատերազմի օրերին Ստեփանակերտում ջրի հետ կապված խնդիր էր առաջացել, դիմել էին ԱՆ-ին՝ Արցախ համապատասխան մասնագետներ ուղարկելու համար, սակայն Արսեն Թորոսյանը թույլ չի տվել, վերջինս պատասխանեց, որ Համբարձումյանը խեղաթյուրում է իրականությունը․ «Եթե կուզեք ասել՝ ստում է, որովհետև այդ հարցին եղել է պատասխան, որ մենք պատրաստ ենք ջրի նմուշները վերցնել, ընդունել Երևանում և հետազոտել ու դա արվել է։ Պարզապես պետք էր այդ նմուշները սովորական նմուշների համար նախատեսված անոթներով տեղափոխել Երևան»։