Բացել լրահոսը Փակել լրահոսը
diaherdzaran
A A
Քաղաքականություն Հասարակություն

Կորոնավիրուսից մահացածները ևս կդիահերձվեն

Covid-19-ից մահացած անձանց ախտաբանաանատոմիական դիահերձումները նորից իրականացնելու օրենքի նախագիծն Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց։

2020թ․ ապրիլից «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ էին կատարվել, որով արգելվում էր դիահերձել քովիդի հետևանքով մահացածներին։ Այժմ, ինչպես նշեց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, այդ արգելքի անհրաժեշտությունը չկա և առաջարկվում է կրկին օրենքում փոփոխություն կատարել։

ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը հարցրեց, թե ո՞ր դեպքերում է իրականացվել քովիդից մահացած անձանց դատաբժշկական դիահերձում և քանի՞ այդպիսի դիահերձում է իրականացվել, որ այս փոփոխությունն իրականացնելու եզրահանգման են եկել։

Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ քանի դեռ վարակը նոր էր, դեռ շատ հարցերի պատասխաններ հայտնի չէին և բացի դրանից առկա էր անհատական պաշտպանության միջոցների շատ խիստ դեֆիցիտ ու առաջնային էր, որ բուժող բժիշկներն ապահովված լինեին անհրաժեշտ միջոցներով և օդափոխության համապատասխան համակարգով․ «Հաշվի առնելով այդ բոլոր հանգամանքները՝ որոշ ժամանակով արգելք էր մտցվել։ Այս նախաձեռնությունը դեռ օգոստոսին էինք սկսել, բայց, ցավոք, պատերազմը ընդհատեց գործընթացը»։

Այս ամբողջ ընթացքում, նրա խոսքով, չեն իրականացվել ախտաբանաանատոմիական դիահերձումներ, սակայն իրականացվել են դատաբժշկականները և տվյալներն ամփոփվել են։