Բացել լրահոսը Փակել լրահոսը
194126113_120688343522469_4721706381277502121_n
A A
Քաղաքականություն

Տավուշի մարզում և հատկապես՝ Իջևանում, մենք պետք է շեշտակի հաղթանակ կրենք. Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

 
ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը այսօր՝ հունիսի 3-ին, Իջևան քաղաքում հանդիպել են Տավուշի մարզի բնակիչների և «Հայաստան» դաշինքի մարզային շտաբերի ներկայացուցիչների հետ։ Այս մասին տեղեկացնում է դաշինքի ֆեյսբուքյան էջը։
 
«Հասկանալի պատճառներով, Տավուշը մեզ համար յուրահատուկ թիրախ է։ Տավուշի մարզում և հատկապես՝ Իջևանում, մենք պետք է շեշտակի հաղթանակ կրենք»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը։
 
Նա նշել է, որ ամեն ինչ անելու են դաշինքի ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար․ «Եթե դու պատասխանատու մարդ ես, վերցրել ես այդ բեռը, ուրեմն պետք է տանես։ Եթե մարդն ինքն իրեն չի կարողանում կառավարել, երկիրն ինչպե՞ս կարող է կառավարել։ Իսկ մեր այսօրվա կառավարությունն այդպիսինն է՝ մարդիկ իրենց անելիքը չգիտեն։ Սա նույնիսկ քաղաքական թիմ անվանել չես կարող։ Նաև ասեմ, որ բացառում եմ վերադարձը հին բարքերին»։
 
Իր հերթին Իշխան Սաղաթելյանը նշել է, որ այս ընտրություններին պետք է մոտենալ այն համոզմունքով, որ դրված է երկրի լինել-չլինելու հարցը․ «Հունիսի 20-ին պետք է քշենք այս չարիքի կառավարությանը և ձևավորենք նոր որակի ազգային իշխանություն, որը կկարողանա պահել, պաշտպանել մեր պետության, երկրի և ժողովրդի շահերը»։
 
Անդրադառնալով տարածվող այն կարծիքին, որ եթե գա քաղաքական այլ ուժ, կլինի պատերազմ, Իշխան Սաղաթելյանն ասել է․ «Իրականում եթե այս պարտության և քաոսի սիմվոլը վերարտադրվի, մեր երկիրը կգնա նոր պատերազմի, նոր անկայունության։ Մենք ենք այն դաշինքը, որը կարող է բերել երկրին անվտանգություն ու կայունություն, կազմակերպել մեր սահմանների անվտանգությունը, զարգացնել մեր տնտեսությունը։ Մենք ունենք այդ թիմը, ունենք այդ կամքը։ Մենք գիտենք՝ ինչ ծանր բեռի տակ ենք մտնում և պատրաստ ենք այդ բեռը պատվախնդրորեն տանել առաջ՝ հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն մեր պետականության»։
 

 
Ռոբերտ Քոչարյանը այսօր հանդիպել է նաեւ Ոստիկանության, ՊՆ, ԱԱԾ տարբեր տարիների բարձրաստիճան ղեկավարների և սպաների հետ: Հանդիպմանը մասնակից պահեստազորի սպայի հարցին, թե ի՞նչ եք անելու, որպեսզի դավաճանների ելքը երկրից արգելվի, Ռոբերտ Քոչարյանը պատասխանել է․ «Ուր էլ գնան, գտնել-բերելու ենք․ Այդ առումով հանգիստ եղեք։ Այս պատահածի համար մարդիկ պետք է պատասխան տան և այդ պատասխանը պետք է լինի արդարադատության միջոցով՝ հենց Հայաստանի Հանրապետությունում։ Ով ուր փախչի՝ փեշերից բռնած բերելու ենք։ Երբ երկար ժամանակ զբաղեցնում ես երկրի ամենաբարձր պաշտոնը, պետք է էմոցիաներդ և զգացմունքներդ միշտ համադրես օրենքի գերակայության հետ։ Նման դեպքերում միշտ պայքար է գնում քաղաքականության և օրինականության միջև։ Մենք մեզ չպետք է այս իշխանությունների պես պահենք, և այս քաղաքականության և օրինականության պայքարի մեջ պետք է հաղթի օրինականությունը։ Դրանից կշահի և՛ պետությունը, և՛ ժողովուրդը»։