Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Կարիք չկա նրանց ակվարիումի մեջ պահել․ Ադրբեջանում սկսվել է հայ 2 ռազմագերիների դատավարությունը (տեսանյութ)

Բաքվում այսօր մեկնարկում է երկու հայ ռազմագերիների Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը։ Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը քննարկման ընթացքում նշեց, որ ոչ թե էական է, թե ինչ մեղադրանքներ են նրանց իրականում առաջադրվել և ինչում են մեղադրում, այլ էական է՝ արդյոք մեղադրանքից պաշտպանվելու նրանց իրավունքները հաշվի՞ են առնվում։

Նշենք, որ ըստ պաշտոնական Բաքվի՝ Լյուդվիգ Մկրտչյանը և Ալյոշա Խոսրովյանը միասին կատարել են ռազմական հանցագործություն։

«Այն, ինչ տեսանք, նույնն է, ինչ տեսանք երկու տարի առաջ Կարեն Ղազարյանի դեպքում։ Անձը դատարանում նստած է ակվարիումի մեջ, տարանջատված է դատարանից, նրա շուրջ փաստաբան չկա, կապը չի ապահովվել նրա և հարազատների միջև Հայաստանում, կապը չի ապահովվել Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների մեջ, իսկ այդ ամենի մասով արդեն Եվրոպական դատարանը սահմանել է որպես դատավարական իրավունքներ, որ ամբաստանյալը պետք է ունենա», - ասաց Արա Ղազարյանը։

Նրա խոսքով՝ կարիք չկա երկու քաղաքացիներին ակվարիումի մեջ պահել դատարանի դահլիճում։ Եթե զուգահեռ անցկացնենք Քելբաջարի երկու դիվերսանտների գործը, փաստաբանները դատարանի դահլիճում հենց նրանց կողքը նստած էին․ «Ադրբեջանն այդ կերպ է վարվում, որովհետև իրական դատավարություն չի անցկացվում։ Ինձ համար կարևոր է, թե ինչպես կիրականացվի դատը»։

Ղազարյանի խոսքով՝ քանի որ արդեն ունենք մի քանի գործերի նախադեպեր, երբ Եվրադատարանը որոշում է կայացրել ընդդեմ Ադրբեջանի, կարելի է ենթադրել, որ եղած նույն կետերով Ադրբեջանն այս գործի դեպքում էլ կպարտվի․ «Առաջին հերթին՝ այս մարդիկ գտնվում են առանց արտաքին աշխարհի հետ կապի կալանքի տակ։ Նույնիսկ նախաքննությունն արդեն ավարտվել է և թվում է, թե նախաքննական գաղտնիք լինել չի կարող, բայց նրանք հնարավորություն չունեն փաստաբանի հետ կապի մեջ լինել, փաստաբան ընտրել Հայաստանից և այլն»։