Արթուր Աբրահամը բուրգերներ էր պատրաստում «Օրրանում» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Օրրան» բարեգործական կազմակերպությունում հունիսի մեկը միշտ հիշարժան է։ Բայց այս տարվանը տարբերվում է։
«Մեկ տարի փակ էր «Օրրանը», քովիդ կար եւ երեխաների համար շատ դժվար էր այդ պայմաններում։ Իրենք ոչ միայն ուտելիքից զրկվեցին կամ կրթությունից, իրենք զրկվեցին ամենամեծ արժեքից՝ իրենց ընկերությունից։ Դրան գումարվեց պատերազմը։ Պետք է ասեմ, որ բոլորիս սիրտը կիսով չափ այսօր սեւ է, բայց փորձում ենք մենք մեզ համար բացատրություններ գտնել, թե ինչու պետք է անպայման շարունակենք տոնել», - ասաց հիմնադիր Արմինե Հովհաննիսյանը։
Ավանդույթի համաձայն, այս տարի էլ «Օրրանում» հյուր ունեին։ Այս անգամ երեխաների սիրելի, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն էր։ Հյուրերն ամեն տարի երեխաների համար ուտելիք են պատրաստում։ Արթուր Աբրահամը նշեց՝ ինչպես հայ ցանկացած տղամարդ, ինքը նույնպես խորոված անելիս է գոգնոց կապում ու խոհարար դառնում․
«Որքան շատ նման օրեր լինեն երեխաների համար, այնքան լավ, բայց ինձ համար ամեն մի օր երեխայի տոնն է, որովհետեւ մենք բոլորս ապրում ենք երեխաների համար», - ասաց Արթուր Աբրահամը։
6-ամյա Արսենը տոնական խառնաշփոթի մեջ լուռ նկարում էր, սիրում է նկարել աշխարհի հայտնի արձանները։ Այսօր Նյու-Յորքի «Ազատության արձանն» էր ընտրել։
Քաշաթաղի շրջանից եկած 14-ամյա Կարենը կարոտում է Արցախը, սակայն այստեղ էլ արդեն հասցրել է ընկերներ ունենալ ու զբաղմունքներ գտնել՝ դպրոց է գնում, լողի ու տարբեր պարապմունքների հաճախում։
Կարենը «Օրրանում» միակ արցախցի փոքրիկը չէ։ Ինչպես Արմինե Հովհաննիսյանը նշեց՝ պատերազմի առաջին օրերից մինչև հիմա կազմակերպությունը շուրջ 8000 արցախցի երեխայի օգնություն է տվել հնարավորությունների ամբողջ չափով։