Լոնդոնի «Չելսին» վերջնականապես Մանչեսթերին թողեց առանց Եվրոգավաթի
Աջակցիր «Ա1+»-ինՖուտբոլի եվրոպական գավաթների անցած մրցաշրջանի առանձնահատկությունն այն էր, որ եզրափակիչ խաղերում ներկայացված էին անգլիական Մանչեսթեր քաղաքի ակումբները: Չեմպիոնների լիգայում առաջին անգամ եզրափակիչ էր հասել «Մանչեսթեր Սիթին», իսկ Եվրոպայի լիգայում` «Մանչեսթեր Յունայթեդը»: Սակայն, մանչեթերյան թիմերին այդպես էլ չհաջողվեց գավաթ նվաճել քաղաքի համար:
Նախ, Եվրոպայի լիգայի եզրափակիչում «Յունայթեդը» 11մ հարվածներով զիջեց իսպանական «Վիլյառեալին» (1:1, 11մ` 10:11), չնայած համարվում էի խաղի գլխավոր ֆավորիտը:
Անցած գիշեր «Սիթին» պորտուգալական Պորտու քաղաքում հանդիպեց Լոնդոնի «Չելսիի» հետ: Խոսեպ Գվարդիոլայի սաները չնայած տարածքային առավելություն ունեին` գնդակի 58 տոկոս տիրապետումով, սակայն այդպես էլ չկարողացան այն վերածել նյութականի: Մանչեսթերցիներն ամբողջ խաղի ընթացքում մրցակցի դարպասին կատարեցին ընդամենը մեկ դիպուկ հարված:
Իսկ ահա «Չելսին» շատ գրագետ պաշտպանվում էր, իսկ առիթի դեպքում դիմում էր սուր հակագրոհների: Լոնդոնցիների նման մարտավարությունը իրեն լրիվ արդարացրեց: Հանդիպան 42-րդ րոպեին նրանք տրամաբանական ավարտի հասցրին հակագրոհներից մեկը: Հետագայում «Չելսին» հաշիվը կրկնապատկելու ավելի լավ հնարավորություն ուներ, քան «Մանչեսթեր Սիթին»` այն հավասարեցնելու:
Արդյունքում, լոնդոնյան ակումբը հաղթեց նվազագույն հաշվով և իր պատմության մեջ երկրորդ անգամ տիրեց չեմպիոնների լիգայի գավաթին, իսկ ահա «Մանչեսթեր Սիթին» ձախողեց իր առաջին եզրափակիչը չեմպիոնների լիգայում և քաղաքը թողեց առանց Եվրոգավաթի:
«Չելսիի» գերմանացի մարզիչ Թոմաս Տուխելն առաջին անգամ հաջողության հասավ եվրոպական գավաթներում: Քրիստիան Պուլիշիչն առաջին ամերիկացի ֆուտբոլիստն է, որը նվաճեց չեմպիոնների լիգայի գավաթը: Միակ գոլի հեղինակ Կայ Հավերցը դարձավ ամենաերիտասարդ երկրորդ խաղացողը, ում հաջողվեց աչքի ընկնել եզրափակիչ խաղում: Նա 21 տարեկան 352 օրեկան է:
Հավելենք, որ «Չելիսն» Եվրոպայի Սուպերգավաթի խաղում կհանդիպի իսպանական «Վիլյառեալի» հետ, որը լոնդոնցիներին օգնել է Մանչեսթերին թողնել առանց եվրոպական մրցանակի: