Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Մեր 10 տարեկան երեխաների 35 տոկոսը անգրագետ է, կարդալ չգիտի․ Փաշինյանը Շենգավիթի գրասենյակում (տեսանյութ)

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Շենգավիթի գրասենյակում էր և հանդիպման սկզբում ընդգծեց իրենց թիմի համախմբվածության կարևորությունն ու շեշտեց, որ եթե իրենց քաղաքական գործունեությունը հիմնված լիներ փողի, բիզնեսի, շահադիտական արժեքների վրա, ՀՀ-ում հետպատերազմական շրջանի կայունություն չէր ապահովվի:

«Կարևոր եմ համարում, որ ի վերջո միջազգային հանրության կողմից ունենք բավականին պատշաճ արձագանք սահմանային ստեղծված իրադրության վերաբերյալ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության տարածած հայտարարությունը այդ բազան ու հիմքը ստեղծում է, որ մենք խոսենք սահմանի դեէսկալացիայի մասին: Մենք սպասում ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը մեզ ազդակ տա, որ համաձայնությունը կայացված է նաև Ադրբեջանի հետ, որ մենք նույն պահից սկսենք փոխադարձաբար զորքերի հետքաշումը դեպի մշտական տեղակայման դիրքեր», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Միջազգային արձագանքը, նա նշեց, որ բավականին դրական է նաև գերիների հարցով ու գերների վերադարձը ժամանակի հարց է:

Նրա խոսքով` անկախությունից հետո Հայաստանը ոչ մի օր խաղաղության մեջ չի եղել և Ադրբեջանն էլ միշտ ցանկություն է ունեցել տարածքները վերցնելու ու չի թաքցրել, որ եթե դա չստացվի բանակցություններով, կանի պատերազմով: Սակայն Ադրբեջանը չէր սկսում պատերազմը, օրինակ, 2010թ., որովհետև տեսնում էր, որ 5 տարի հետո Հայաստանն ավելի թույլ է լինելու.

«Պատերազմը սկսվեց 2020-ին, որովհետև իրենք տեսան, որ 2018թ.-ից հետո Հայաստանում սկսվել են խորքային և բովանդակային փոփոխություններ ու այդ դինամիկան շարունակվելու դեպքում 5 տարի հետո Հայաստանը շատ ավելի ուժեղ է լինելու: Եթե ասում են, որ պատերազմի մեղավորը մենք ենք, ճիշտ են ասում: Եթե Ադրբեջանը տեսներ, որ երեք տարի սպասելուց հետո Հայաստանն ավելի թույլ կլինի, երեք տարի էլ կսպասեր, ո՞վ չէր սպասի»:

Իրենց մոտ նույնպես քննարկում եղել է, Փաշինյանի խոքով, որ իրենք ամեն ինչ ձախողել են, տապալել են և պետք է հեռանան: Հետևաբար իրենց կողմնակիցներին կոչ է անում չնեղվել հայհոյանքներից, վանկարկումներից: Եթե ասում են «դավաճան», թող բացատրեն և ձևակերպեն` ինչի մեջ է իրենց դավաճանությունը:

Թոշակների և աշխատավարձերի բարձրացման մասին հարցին Փաշինյանն արձագանքեց, որ, օրինակ, ճանապարհների ապաշրջափակումը կարևոր է, որ Հայաստանի տնտեսությունը զարգանա ու դրանով հնարավոր լինի բարձրացնել թոշակներն ու աշխատավարձերը: Նրա խոսքով` ամեն ինչ փոխկապակցված է.

«Բայց դա հեշտ չէ, այս հարցի շուրջ կա մանիպուլյացիա: Ասում են` ոնց կլինի տեղով գնացք անցնի: Բա պետք է անցնի, ժողովուրդ, բա ի՞նչ ենք ուզում: Մենք պետք է մանիպուլյացիաներն էլ կառավարենք, ռիսկերն էլ կառավարենք և գնանք մեր ապագայի հետևից: Չի կարելի տեղում փակվել, ասել` տնից դուրս չգանք, որ մեզ բան չպատահի: Տնից դուրս չգանք, որ մեզ բան չպատահի, բայց վերջում պարզվում է, որ մեզ մեր տան մեջ է բան պատահում»:

Նրա խոսքով` պետք է առավելագույնս խուսափել հայրենասիրության կենացային դրսևորումներից և առաջնորդվել հայրենասիրության գործնական դրսևորումներով և դա դպրոց կառուցելն է, ներդրում անելն ու հարկ վճարելն է.

«Այսօր մեր 10 տարեկան երեխաների 35 տոկոսն անգրագետ է, կարդալ չգիտի: Երբ մեր բոլոր երեխաները կստանան պատշաճ կրթություն, դա է մեր առաքելությունը»: