Բացել լրահոսը Փակել լրահոսը
image_750x_5d85c67c93390
A A
Պաշտոնական

Մենք մեր զգոնությունը գեթ մեկ վայրկյան թուլացնելու բարոյական իրավունք չունենք․ Ծառուկյանի ուղերձը

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ։ Դրանում ասվում է․

Սիրելի՛ հայրենակիցներ,

Արցախի և Սփյուռքի քույրեր և եղբայրներ. Այսօր լրանում է Հայաստանի առաջին հանրապետության հռչակման 103-րդ տարեդարձը, որի առիթով սրտանց շնորհավորում եմ աշխարհասփյուռ մեր բոլոր հայրենակիցներին:

Այսօր, երբ վտանգված է մեր հայրենիքի սահմանների անվտանգությունը, երբ թշնամին ոտնձգություն է կատարում մեր երկրի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության վրա՝ առավել քան երբևէ օրախնդիր է դառնում բոլորիս միասնական ջանքերով մեր ժառանգած պետականության պահպանումը: Հայաստանի առաջին հանրապետության հռչակմամբ 1918 թվականին դրվեց մեր անկախ պետականության կերտման հիմնաքարը և մեկդարյա հեռավորությամբ մենք այսօր պարտավոր ենք պայքարել այն սրբորեն պահելու և պահպանելու համար:

20-րդ դարասկզբի Սարդարապատի, Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի արդյունքում վերացվեց մեր հայրենակիցների ֆիզիկական գոյության սպառնալիքը, իսկ այսօր ցավոք մեր հայրենիքի սահմաններին մեր հերոս տղաներն են դեմ առ դեմ կանգնած թշնամու դեմ:

Մենք մեր զգոնությունը գեթ մեկ վայրկյան թուլացնելու բարոյական իրավունք չունենք: Գարեգին Նժդեհի օրինակով մենք մեր երկրի համար օրհասական այս օրերին պարտավոր ենք միասնական ու միաբան լինել՝ հայրենիքի պաշտպանության ու ինքնիշխանության շարունակականության գործում: Հապաղումը կարող է ճակատագրական լինել… Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…