Գերության փաստը տեսանյութի կամ լուսանկարի դեպքում պետք է հաստատված համարել դրանց հրապարակման պահից. ՀՀ ՄԻՊ
Աջակցիր «Ա1+»-ինՀայկական կողմի զինծառայողների ու քաղաքացիական անձանց գերության մեջ լինելը պետք է ֆիքսվի այն պահից, երբ, օրինակ, տեսանյութով կամ լուսանկարով պարզվում է, որ նրանք ադրբեջանական զինված ուժերի կամ այդ երկրի իշխանությունների վերահսկողության ներքո են, այլ ոչ թե պետք է սպասել ադրբեջանական իշխանությունների հաստատմանը: Հենց այս եղանակով է պետք Ադրբեջանի իշխանությունների վրա դնել մեր տղաներից յուրաքանչյուրի կյանքի ու առողջության երաշխավորման պարտավորությունը, որովհետև կան դեպքեր, որ տեսանյութերում կան գերիներ, սակայն Ադրբեջանը գերության փաստը չի հաստատում։
Այս մասին ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի կողմից կազմակերպված «Անհայտ կորած անձանց և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության հնարավորությունները եւ խնդիրները» թեմայով հանրային քննարկմանը։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Արման Թաթոյանը մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է մարդու իրավունքների միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»:
«Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար, նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի»,- ասվում է հաղորդագրության մեջ: