«Վիլյառեալը» հաղթեց Եվրոպայի լիգայում և պատմություն կերտեց. «ՄանՅուն» չարդարացրեց մասնագետների սպասելիքները
Աջակցիր «Ա1+»-ինԼեհաստանի Գդանսկ քաղաքում տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչը: Անգլիայի փոխչեմպիոն
«Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպեց Իսպանիայի առաջնության 7-րդ տեղի թիմի` «Վիլյառեալի» հետ:
Մասնագետները այդ հանդիպման ֆավորիտ էին համարում անգլիացիներին, սակայն իսպանացիները գրագետ պաշտպանվեցին, կարողացան չեզոքացնել մրցակցի վտանգավոր հարձակվողներին և հիմնական ժամանակում ոչ-ոքի
խաղացին` 1:1:
Լրացուցիչ 30 րոպեում երկու կողմերն էլ զգուշավոր մարտավարություն ընտրեցին, և արդյունքում հաղթողին որոշելու համար նշանակվեց 11մ հարվածաշար:
Առաջին 10 հարվածները թիմերն անսխալ իրացրին: Հերթը հասավ դարպասապահներին: «Վիլյառեալի» դարպասապահ
Ռուլին գրավեց դարպասը, ապա ետ մղեց «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դե Խեայի հարվածը:
Այդպիսով, «Վիլյառեալը» հաղթեց եվրոպական գավաթի իր անդրանիկ եզրափակիչը, իսկ ահա «Մանչեսթեր
Յունայթեդը» պարտվեց իր 14-րդ եզրափակչում:

Մինչ այդ անգլիացիները հաղթել էին Եվրոպայի լիգայի վճռորոշ խաղում, որին մասնակցել էր նաև Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը:
«Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին 4-րդ անգամ իր թիմին դարձրեց Եվրոպայի լիգայի հաղթող, իսկ ահա
անգլիացիների գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Շուլշերը ձախողեց իր առաջին եզրափակիչը:

«Վիլյառեալը» այս հաղթանակից հետո նվաճեց ոչ միայն գավաթը, այլև չեմպիոնների լիգայի գալիք մրցաշարի
խմբային փուլի ուղեգիր: Դա նշանակում է, որ թիմերը կարող են հանդիպել նաև եկող մրցաշրջանում, քանի որ
«Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես մասնակցելու է չեմպիոնների լիգային: